Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» շարժման անդամ․ Նախագահը չխոսեց վարորդներին հուզող թիվ մեկ խնդրի մասին


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով, ուրբաթ օրն անցկացրած խորհրդակցությանը նախագահ Սերժ Սարգսյանը չխոսեց տուգանքների չափերի և իրենց վաստակած գումարի անհամապատասխանության մասին:

«Տուգանքները ընդամենը միջոց են նպատակին հասնելու համար, տուգանելը մեր նպատակը չէ», - ուրբաթ օրը նշել է Սերժ Սարգսյանը, երբ ճանապարհային երթևեկության գլխավոր պատասխանատուներին հրավիրել էր Բաղրամյան 26՝ հանձնարարություններ տալու, «արդարության հետ կապված» խնդիրները լուծելու համար։

Նախագահն առաջարկել է խախտումների ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացը դյուրացնել, վերանայել «հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը, հաշվառել պետական մարմիններին հատկացված բոլոր համարները, բացահայտել ակտերի առաքման փոստային հասցեներում կատարված անհիմն փոփոխությունները, ներդնել պակաս վտանգավոր խախտումների տուգանքները զգուշացումներով փոխարինելու համակարգ և այլն․ - «Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞: Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է»:

Վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մի պահ ոգևորվել էր Սարգսյանի ելույթով, բայց հետո նկատել՝ նախագահը չխոսեց վարորդներին հուզող թիվ մեկ խնդրի՝ տուգանքների չափերի և իրենց վաստակած գումարի անհամապատասխանության մասին․ - «Նախագահը ես կուզենայի, որ անդրադառնար սոցիալական խմբերի հետ կապված, աշխատավարձի չափի հետ կապված լիներ այդ տուգանքների չափը: Ինչպես ինձ է թվում, դա հերթական ժողովրդի աչքին թոզ փչելն է սահմանադրական փոփոխություններից առաջ»:

Նույն խնդրի մասին էին խոսում նաև «Ազատության» զրուցակից մյուս վարորդները:

«Անհեթեթություն ա․․․ Էդ օրենքը հնարողը ո՞վ ա: Ինչի՞ հիման վրա են դնում, օրինակ, 5 հազար դրամ, 10 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը 50 հազար ա, 50 հազարով ո՞նց կարաս հարմարվես», - ասաց նրանցից մեկը:

Վարորդներին նյարդայնացնում են նաև «կարմիր գծերը»․ - «Ամբողջ քաղաքը կարմիր գծերով պատեցին, իսկ տաքսու վարորդներին ընդհանրապես տեղ չեն տալիս»:

«Մասնագետների հետ պետք է խորհրդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոն ու հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն», - ասել էր Սերժ Սարգսյանը։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ներկայացուցիչ Արսեն Պետրոսյանը հարցի պատասախանն ունի. ճանապարհները, ըստ նրա, լի են «ծուղակներով», երբ վարորդներն ակամա խախտումներ են թույլ տալիս, իսկ նախագահ Սարգսյանը դրանք վերցնելու մասին հստակ հանձնարարություն այդպես էլ չի տվել։​

XS
SM
MD
LG