Մատչելիության հղումներ

logo-print

Հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք Վոլգոգրադում․ սպանվել է մի ադրբեջանցի


Ռուսաստանյան Վոլգոգրադ քաղաքում նախօրեին տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև, սպանվել է 24-ամյա ադրբեջանցի Հաջիմուրադ (Էդուարդ) Նաբիօղլու Չիրիևը: Այդ մասին այսօր հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Վոլգոգրադի Կիևյան շրջանում գտնվող «Բարիտոն» կարաոկե բարում, որի սեփականատերը հայ է: Ադրբեջանցիները կերուխումից հետո որոշել են այցելել այդ հաստատություն, վեճ է բռնկվել այցելուների և բարի տերերի միջև, և ըստ ադրբեջանական աղբյուրի՝ բարի տիրոջ որդին, իսկ ըստ ռուսաստանցի իրավապահների՝ հաստատության տնօրենը որսորդական հրացանով կրակել է ու վիրավորել ադրբեջանցուն: Չիրիևը հիվանդանոցում մահացել է:

Միջադեպի մասին հայտնում են նաև Վոլգոգրադի մարզի իրավապահները՝ առանց ներգրավված շուրջ մեկ տասնյակ անձանց ազգությունները նշելու, չհրապարակելով նաև նրանց ինքնությունը: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, ըստ «Բլոկնոտ-Վոլգոգրադ» ինտերնետային պարբերականի, նշել է, որ ծեծկռտուքը հրահրել են բարի այցելուները:

Թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական աղբյուրները հայտնում են, որ երբ ընկերները վիրավորին նստեցրել են ավտոմեքենա ու տեղափոխել հիվանդանոց, կրակողը և վերջինիս ընկերները չորս մեքենաներով հետապնդել են նրանց՝ կրակ բացելով մեքենայի վրա:

Փաստի կապակցության քրեական գործ է հարուցվել, հանցագործության մեջ կասկածվող 34-ամյա տղամարդը ձերբակալվել է:

APA-ն հայտնում է, որ սպանված ադրբեջանցու դիակը տեղափոխվել է հայրենիք և հուղարկավորվել Բալաքենի շրջանում, որտեղ ծնվել էր Չիրիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG