Մատչելիության հղումներ

Դևեջյանը «ոչ տեղին հումոր» է անվանում փախստականների մասին իր արտահայտությունը


Փախստականներ Եվրոպայում, 10-ը սեպտեմբերի, 2015թ.
Փախստականներ Եվրոպայում, 10-ը սեպտեմբերի, 2015թ.

«Գերմանիան վերցնում է մեր հրեաներին, իսկ արաբներին տալիս է մեզ», - ավելի վաղ հայտարարել էր ֆրանսահայ գործիչը:

Ֆրանսիայի կառավարության նախկին նախարար, պետական, քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը անցած շաբաթավերջին անհաջող մի արտահայտություն է արել և շտապել է պարզաբանել՝ ասելով, թե կատակել է:

Ուրբաթ օրը, երբ Ֆրանսիան սկսեց ընդունել Գերմանիա հասած հազարավոր միգրանտների մի մասին, Դևեջյանը մամուլի ասուլիսում հայտարարել է․ - «Գերմանիան վերցնում է մեր հրեաներին, իսկ արաբներին տալիս է մեզ»:

Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ նշելով, որ աջակողմյան հայացքներով Պատրիկ Դևեջյանը, ով նախարարական պաշտոն է զբաղեցրել Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք, շտապ փորձել է սոցցանցերում հետ կանգնել իր խոսքերից:

«Իմ հումորը տեղին չէր», - Թվիթերում գրել է Դևեջյանը: Նա ափսոսանք է հայտնել և նշել, որ ինքը անձամբ օգնում է կարիքի մեջ գտնվող փախստականներին:

France-Presse-ը նշում է, որ Դևեջյանը, ով հայկական ծագում ունի և հիմա Փարիզից արևմուտք ընկած Օ-դը-Սեն հարուստ շրջանի ղեկավարն է, ասել է, թե կատակել է սիրիացի և իրաքցի փախստականների հասցեին:

France-Presse-ի այս լուրը ֆրանսիական մամուլից բացի արտատպվել է իսրայելական, բրիտանական թերթերում:

Փախստականների հոսքը խնդիրներ է առաջացնում նաև հարյուր հազարավոր միգրանտներ ընդունելու պատրաստ Գերմանիայում:

Կիրակի օրը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ ժամանակավորապես հսկողություն է սահմանվում Ավստրիայի հետ սահմանին՝ փորձելով սահմանափակել միգրանտների մուտքը Գերմանիա: Նա նշել է, որ դա կարող է որոշ չափով խաթարել երկաթուղային հաղորդակցության ծառայության աշխատանքը: Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպես է իրականացվելու սահմանային վերահսկողությունը:

Իսկ էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը նույն օրը տպագրված հարցազրույցում նշել է, որ Գերմանիան արդեն հասել է փախստականներին ընդունելու հնարավորությունների սահմանին:

Յուրաքանչյուր օր հազարավոր փախստականներ մտնում են երկիր: Կիրակի օրը նաև հայտարարվել է, որ Մյունխենը արդեն սպառել է փախստականներ ընդունելու հնարավորությունները:

Հարյուր հազարավոր փախստականներ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից շարունակում են շարժվել դեպի Եվրոպա:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ այս տարի 800 հազար փախստական կընդունի՝ չորս անգամ ավելի, քան նախորդ տարի:

Ֆրանսիան ասել է, թե երկու տարվա ընթացքում 24 հազար փախստական կընդունի, սակայն երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը զգուշացրել է, որ եթե Եվրոպան միասնական քաղաքականություն չորդեգրի միգրանտներին տեղաբաշխելու հարցում, ապա Շենգենյան գոտու առանց սահմանի համակարգը կփլուզվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG