Մատչելիության հղումներ

«Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին» հայտարարությունը նախաստորագրած ուժերի նպատակն է դրանք տապալել մինչև հանրաքվեն:

«Հանրային փրկության ճակատը» ձևավորման փուլում է, հանրային դիմադրության այլ օջախներ ևս կազմակերպվում են: Այս մասին «Ազատությանը» ասաց սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող այլ ուժերի հետ անցած շաբաթ «Հանրային փրկության ճակատ» ձևավորելու մասին հայտարարությունը նախաստորագրած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Փաստաթղթին միացած ևս երկու ուժերի ղեկավարների՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի և Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման սեպտեմբերի 13-ի թողարկմանը հյուրընկալված Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ իրենք անպայման կկարողանան միասնական մոտեցումներ ապահովել, ստեղծել:

«Հանրային փրկության ճակատ ստեղծելու մասին» հայտարարությանը միացած ուժերը նպատակ ունեն սահմանադրական բարեփոխումները տապալել նախքան հանրաքվեն: Նախագծի վերջնական տարբերակը նրանք կհստակեցնեն մինչև սեպտեմբերի 21-ը:

«Մեր բոլոր քննարկումները անցնում են լրիվ թափանցիկ, հրապարակային, և մենք չենք թաքցնում անգամ այդ բուռն տարաձայնությունները, որ լինում են», - ընդգծեց Գարեգին Չուգասզյանը՝ շարունակելով․ - «Սակայն շատ կարևոր է արդյունքը: Ի վերջո, մենք օրինակ ենք ծառայում կոմպրոմիսի գալու, որովհետև եթե խոսում ենք Սահմանադրությունից, ուրեմն՝ խոսում ենք նաև սահմանադրականությունից, այսինքն՝ կոմպրոմիսի գալու արվեստից, և մենք ցույց ենք տալու, որ դա հնարավոր է մեր երկրում՝ շատ տարբեր իրարից, հեռու գտնվող քաղաքական միավորներ կարող են ի վերջո գալ որոշակի համաձայնության, եթե կա մթնոլորտ և ձգտում փոխադարձ»:՚

«Ի վերջո, սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց մի քանի հարցերի շուրջ․ նախ՝ նպատակի շուրջ, որ նպատակը Հայաստանում, այո, ոչ միայն «Ոչ» ասելն է, այլև՝ «Այո» ասել սահմանադրականությանը, «Այո» ասել ապագայի հնարավորությանը Հայաստանում, «Այո» ասել էս բռնապետությունից ազատմանը», - նշեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը:

«Ազատության» դիտարկմանը, որ ներկայիս իրավիճակը իրենք գնահատում են որպես «նոր Սահմանադրություն ընդունելու միջոցով սահմանադրական հեղաշրջում կատարելու փորձ», Չուգասզյանը արձագանքեց․ - «Իրավիճակը էսպիսին է, որ Հայաստանում, փաստորեն, իշխող վարչախումբը ստեղծել է բռնապետական միակուսակցական համակարգ, և էդ ամբողջը արտահայտվում է նրանում, որ ամբողջ իշխանության թևերը բոլորը մի կուսակցության, որը իրականում կուսակցություն էլ չի, այլ բանդա է՝ իր պարագլխով հանդերձ, և իրենք ամբողջը սեփականաշնորհել են: Էս մթնոլորտը հիմա իրենք ուզում են կայունացնել, ինչու կայունացնել՝ որովհետև իրականում վերարտադրության ժամանակն է սկսվում, և ի տարբերություն նախորդ վերարտադրությունների՝ իրենց վիճակը շատ ավելի վատթար է, որովհետև թե՛ տնտեսական իմաստով, թե՛ աշխարհաքաղաքական անկայունությունների պատճառով Հայաստանը այլ բողոքային տրամադրություններ ունի: Եվ որպեսզի իրենք չեզոքացնեն էն ընդվզումը, որը սովորաբար առաջանում է գործող Սահմանադրության համաձայն նախագահական ընտրությունների ժամանակ, իրենք փորձում են այդ ընդվզումը չեզոքացնել նախապես, իրենց նպատակը սա է: Եվ հենց էդ նպատակով ձեռնամուխ են եղել փոփոխությունների»:

Այդ փոփոխություններն իրականում, ըստ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի, «ոչ թե սահմանադրական փոփոխություններ են, այլ վիրահատություն է պետականության հիմքերի վրա, արկածախնդրական վիրահատություն է, որի հետևանքը պիտի լինի ոչ թե ճգնաժամի վերացումը Հայաստանում համակարգային, այլ աղետի վերացումը՝ արագացման միջոցով աղետի է վերածվել դա»:

Նախաստորագրված հայտարարության համաձայն՝ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ «էապես կարագանա երկրում տիրող համակարգային ճգնաժամի ընթացքը, ինչի հետևանքով այս ճգնաժամը կարճ ժամանակահատվածում կվերածվի համազգային աղետի, որն արտահայտվելու է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների զանգվածային ոտնահարմամբ, երկրի մարդաթափությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հետևաբար նաև՝ Արցախի կորստով, հայրենաբնակ հայության բեկորների ֆիզիկական ոչնչացմամբ ու համընդհանուր հայրենազրկությամբ»:

«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով հիշյալ դրույթը՝ Պարույր Հայրիկյանը հայտարարեց․ - «Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետականությունը վերջնականապես վերականգնվեց քաղաքացիների իրավունքների ընդլայնմամբ, այսինքն՝ մեր Գերագույն խորհուրդը Անկախության հռչակագիր ընդունեց, բայց դա բավարար չհամարվեց, և քաղաքացիների իրավունքների շեշտադրումով, Անկախության հանրաքվեով, այսինքն՝ երբ քաղաքացին դարձավ դերակատար և ուղղակիորեն մասնակցեց, մենք ստացանք մեր պետականությունը, այսինքն՝ դա արդեն ամրագրվեց նաև միջազգայնորեն: Հակառակ ճանապարհը՝ քաղաքացիների իրավունքների սահմանափակումը, բնականաբար, պիտի տանի հակառակ արդյունքի: Այնպես որ, մեր այդ հիմնավորումը, չնայած չի նշված՝ հատկապես ինչ պիտի կատարվի՝ այդ մի փոքր փաստաթղթում մենք հիմնական սկզբունքներն ենք ներկայացնում, բայց մեր մտահոգությունը այդ է»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման սեպտեմբերի 13-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG