Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Դուշանբե


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014 թվականի դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ-ի շրջանակում գործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին:

Դուշանբեի նստաշրջանում Հայաստանը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը ասել էր, որ պատրաստվում է Դուշանբեի գագաթնաժողովում բարձրացնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հարցը: «Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ժամանակ», - նշել էր Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG