Մատչելիության հղումներ

Խորովածի 7-րդ փառատոնի այցելուների թիվն աննախադեպ էր


Հայաստանի ամենահմուտ խորոված պատրաստողներն արդեն 7-րդ անգամ հավաքվել էին Ախթալա քաղաքում։ Խորովածի փառատոն էր։ 23 ռեստորաններ, ուսումնական կենտրոններ ու անհատներ մրցեցին։ Խոզի, հորթի, գառան, ձկան, սնկի ու բանջարեղենի խորովածի բույրը տարածվել էր Ախթալայի եկեղեցու տարածքում։

Գրիշա Անտինյանը Երևանի գինետներից մեկի ավագ խոհարարն է։ Մասնակցել է խորովածի բոլոր 7 փառատոններին։ Ոգևորված էր։

Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում էին, որ այս տարի աննախադեպ մեծ էր այցելուների թիվը։ Եկել էին զբոսաշրջիկներ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այնպես էլ արտասահմանից։

Վիոլան Լեհաստանից է։ Եկել է Հայաստանում շրջագայելու։ Ասաց՝ հայկական խորովածն ու հյուրասիրությունն անկրկնելի է։

«Այս երկրում մարդիկ շատ հյուրասեր են։ Ամեն ոք փորձում է հրավիրել, անգամ ստիպել, որ ընդունեմ իրենց հյուրասիրությունը։ Ես զարմացած եմ, որ մարդիկ չեն ճանաչել ինձ, գիտեն պարզապես որպես զբոսաշրջիկ, բայց ցանկանում են հյուրասիրել ինձ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ», - ասաց լեհաստանցի զբոսաշրջիկը։

Չնայած խորովածի փառատոնի մասնակիցների մեծ թվին, Լոռու մարզում ռեստորանային բիզնես վարողները պնդում են՝ այս տարի առնվազն 20 տոկոսով նվազել է զբոսաշրջիկների թիվը։

Ռուբեն Պողոսյանը Թուֆենկյան հյուրանոցային ցանցի ավագ խոհարարն է․ - «Էս տարի տարվա կտրվածքով տուրիստ ավելի քիչ է եղել, ինձ թվում է՝ զուտ նրա համար, որ մենք ունեցանք Եղեռնի հետ կապված հարյուրամյակ, և նրանք, ովքեր պիտի գային տարվա ընթացքում, եկան այդ մի քանի օրերին և տեղավորվեցին Երևանում և ոչ շրջաններում: Ընդհանրապես շրջանները չկարողացան դրանից օգտվել»:

Արմեն Քեֆիլյանն էլ իր սեփական ռեստորաններում է այս տարի զբոսաշրջիկների պակաս զգում։ Ասում է, սակայն, որ տեղացի այցելուների թիվն է որոշակի ավելացել։ Բնակիչները նախընտրում են հարսանիքներն ու ընտանեկան միջոցառումները ոչ թե սեփական ճաշացանկով, այլ փառատոններում հաղթած ռեստորանատերերի հյուրընկալությամբ անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG