Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել Սահմանադրության նախագծում կատարված լրամշակումները


Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում են լրագրողներին, Երևան, 25-ը օգոստոսի, 2015թ.
Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում են լրագրողներին, Երևան, 25-ը օգոստոսի, 2015թ.

Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատում սահմանադրական փոփոխությունների նախագծում կատարված լրամշակումները։ Հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանի սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը շատ բարձրորակ աշխատանք է կատարել, և այն պետք է ողջունվի և աջակցության արժանանա։

Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի սահմանադրական հանձնաժողովի միջև շարունակվել են կարծիքների փոխանակումը և երկխոսությունը անկեղծ մթնոլորտում, ինչը հնարավորություն է տվել սահմանադրական հանձնաժողովին մշակել տեքստ, որն արդեն համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Առաջին նախնական կարծիքը՝ ներկայացված Վենետիկի հանձնաժողովի կողմից, պարունակում էր չորս հանձնարարական-խորհուրդ, որոնք ամբողջությամբ կամ մասամբ հաշվի են առնվել Հայաստանի մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ ամենակարևոր քննադատական դիտողությունը՝ կայուն մեծամասնության ապահովման նպատակով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին, լրամշակվել է, ինչը գովելի է։

Սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակում նշվում էր՝ «Եթե Ազգային ժողովի ընտրության առաջին փուլի արդյունքում կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները/դաշինքները։ Այդ կուսակցությունները/դաշինքները առաջին փուլում ընտրական արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների դաշինքների հետ կարող են ձևավորվել նոր դաշինքներ»։

Այս պարբերությունը հանված է և ներկայացված է նոր տարբերակ, որն արդեն երկրորդ փուլի անցկացումը պարտադիր չի համարում։ Ընտրական օրենսգիրքը պետք է ապահովի կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Եթե կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում ընտրությունների արդյունքում կամ քաղաքական դաշինքների կազմավորման միջոցով, ապա կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ։

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հաշվի են առնվել նաև դիտողությունները 105-րդ հոդվածի վերաբերյալ, որտեղ արգելվում է նոր խմբակցությունների կազմավորումը Ազգային ժողովում։ Նախկին ձևակերպմամբ 105-րդ հոդվածում նշվում էր, որ խմբակցության մեջ ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների նախընտրական դաշինքի պատգամավորները։

Լրամշակված տարբերակում հանվել է «միևնույն» բառը և ջնջվել է «Ազգային ժողովում նոր խմբակցություններ չեն կարող ձևավորվել» արտահայտությունը։ Այսինքն նախագծի այս տարբերակում ԱԺ-ում ընտրություններից հետո կարող են ձևավորվել նոր խմբակցություններ։

Միաժամանակ Վենետիկի հանձնաժողովը նկատում է, որ խորհրդարանում նոր խմբակցությունների ձևավորման հնարավորությունները սահմանափակ են։ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության անդամների հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը։

Այսօր Երևանում անցկացվեց քաղաքական մի շարք ուժերի և քաղաքացիական հասարակության անդամների, հասարակական կազմակերպությունների համաժողով։ Այս ուժերին համախմբում է ընդդիմությունը սահմանադրական փոփոխություններին։ Քաղաքական և քաղաքացիական այս ուժերի համախմբումը տեղի է ունեցել «Ոչ»-ի անվան տակ։ «Ոչ»-ի ճակատի անդամ, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքը ամենևին չի կիսում։

Գնահատելով Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկումը, որ սահմանադրական փոփոխություններից հանվել է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին հոդվածը, Զուրաբյանն ասաց, թե դրանով ոչինչ չի փոխվում։

«Բնական է՝ մենք չենք կարող նույն հրճվանքով, ինչպես Վենետիկի հանձնաժողովն է արել, ողջունել այդ փոփոխությունը։ Մենք կարծում ենք, որ իշխանության ծրագրի մեջ ոչ մի փոփոխություն չկա, ծրագիրը նույն չար ծրագիրն է, Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման ռեժիմի ծրագիրն է, և շարունակելու ենք նույն եռանդով պայքարել այդ ծրագրի իրականացման և այս ծրագրի կազմակերպիչների դեմ»,- ասաց ՀԱԿ-ի փոխնախագահը։

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների համոզմամբ՝ ներկայացված նախագիծը կընդարձակի և կամրապնդի ժողովրդավարությունը, կընդլայնի ընդդիմության դերը։

XS
SM
MD
LG