Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը հայտարարեց համաժողովրդական դիմադրություն նախաձեռնելու մասին


«Ոչ»-ի ճակատի համաժողովը

«Ոչ»-ի ճակատի համաժողովը

Շնորհավորանքներով, ձեռքսեղմումներով ու ծափահարությունների ներքո շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ այսօր ստորագրեցին միասնական փաստաթուղթ՝ ձևավորելով «Ոչ»-ի ճակատ:

Պնդելով, որ խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ Սերժ Սարգսյանն իրականում նպատակ ունի շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իր իշխանությունը, «Չե'ք անցկացնի» նախաձեռնությունը հրապարակեց սահմանադրական փոփոխությունները կասեցնելու միասնական օրակարգը։

«Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «Ոչ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»,- հայտարարությունը ընթերցեց «Չե'ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը։

Խորհրդարանական ուժերից «Ոչ»-ի ճակատին միացան Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունները: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը չշտապեց հրապարակել հետագա քայլերը՝ ինչ միջոցներով են փորձելու կանխել հանրաքվեն, առայժմ արձանագրում են ուժերի համախմբումը։

«Կարևորը հավատարմության հռչակագիրն էր, որ բոլոր ստորագրող ուժերը ստորագրեցին՝ ասելով, որ մենք դեմ ենք, մենք մտնում ենք այս «Ոչ»-ի ճակատի մեջ և ամեն ինչ անելու ենք, որ Սերժ Սարգսյանի բռնապետությունը ամրապնդող այս նոր Սահմանադրության նախագիծը չանցնի, որովհետև դա իրականում սահմանադրական հանրաքվե է այն մասին՝ արդյոք Սերժ Սարգսյանը կշարունակի լինել բռնապետը Հայաստանում, թե՝ չի շարունակի»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում շեշտում էր, թե «ոչ»-ից ավելի կարևոր իշխանափոխությունն է՝ առաջարկելով դրա շուրջ կենտրոնացնել պայքարը.- «Հայաստանի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց իշխանափոխության, առանց գործող, ոչ լեգիտիմ իշխանության հեռացման։ Այդ թվում Սահմանադրության փոփոխությունները հնարավոր չի լինի կասեցնել, եթե իշխանափոխություն տեղի չունենա։ Բոլորը մեկ հարց են տալիս՝ ե՞րբ ենք միասին կանգնելու, ե՞րբ ենք այս իշխանություններին հեռացնելու»։

Տարբեր հասարակական կազմակերպություններից, սոցիալական շարժումներից բացի նույն փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրեցին նաև երբեմնի քաղաքական հակառակորդները, օրինակ, Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը» հայտարարեց ճակատին միանալու մասին, թեև Հայրիկյանն ինքը հավաքին չէր ներկայացել:

Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանը», որ արմատական դիրքորոշում ունի իշխանափոխության հարցում, հայտարարում է, թե «քրեական բնույթի կուսակցական բռնապետությունում» սահմանադրական փոփոխությունների քննարկումը բովանդակազուրկ է։

«Ասելով ոչ փոփոխություններին, ամեն ինչ անելով տապալելու համար հանրաքվեն՝ միաժամանակ պետք է ստեղծել լայն կոալիցիա՝ պահանջելով Սերժ Սարգսյանի, այսինքն Հայաստանի իշխանությունը զավթած բանդայի պարագլխի հրաժարականը։ Երկրորդ՝ պահանջել արտահերթ ընտրություններ»,- իր խոսքում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը։

Մերժում ստանալով երևանյան տասնյակ հյուրանոցներից, դահլիճներից, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հավաքը կազմակերպել էր Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության դահլիճում:

Ինչպես հայտարարեց շարժման անդամ Արմեն Գրիգորյանը՝ փողոցային պայքարի մեկնարկը տրվելու է ամենաընդդիմադիր քաղաքի համբավն ունեցող Գյումրիից.- «Որտեղ իրեն ամենաուժեղ դիկտատորը համարողներից մեկը նույնիսկ չի կարողացել իր ուզած չափով խփել։ Դասականներից մեկը ասում էր, որ «ոչ» արտահայտություն չկա, «ոչ»-ը դա «չէ»-ն է, բայց «չէ»-ն ոչ էական է։ Մենք ցույց կտանք դասականներին, որ իրականում «ոչ» կա և հաղթելու է»։

XS
SM
MD
LG