Մատչելիության հղումներ

logo-print

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ցույցը հաջողված է համարում


Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 11-ը սեպտեմբերի, 2015թ.

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 11-ը սեպտեմբերի, 2015թ.

Երեկվանից շուրջ տասը ժամ արգելափակված Բաղրամյան պողոտան ոստիկանները այսօր վաղ առավոտյան բացեցին։ Ամեն ինչ սկսվեց «Հրեշտակների» ջոկատի՝ ազգային պարի նմանվող հատուկ գործողությամբ։

Բռնի ուժով տարածքից հեռացվեց և ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեց 48 ցուցարար։ Ոստիկանությունում այս գործողությունը հաջողված են համարում. ուժային կառույցի լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելուց հետո նրանք ազատ են արձակվել։

Առավոտյան այցելեցինք ոստիկանության Մաշտոցի բաժին, մի քանի րոպե առաջ ազատ արձակված ցուցարարներից մեկի հագուստը պատռված էր, մի քանիսն էլ տարբեր իրեր էին կորցրել։ Պնդում էին, որ ոստիկանները իրենց հետ հարգալից չէին վերաբերվել։

«Բրդեցին դեպի մայթ, հետո բռնեցին, քաշքշեցին, երևում է շատ էր դուրներն եկել սառոչկես, լավ քաշքշեցին, սաղ ճղվեց»,- պատմում էր բերման ենթարկվածներից մեկը։

Մյուսն էլ քաշքշոցի ընթացքում ժամացույցն էր կորցրել.- «Հիմա ստեղ ձեռ են առնում, ասում են՝ կարող ա 2000 դրամանոց ժամացույց էր, դու էկել ես, ասում ես 200 հազարանոց է»։ «Ես ժողովրդի մեջ կանգնած էի, էկան ձեռքիցս քաշեցին փողոց ու թևերս ոլորեցին ու տարան, ես նույնիսկ պատի մեջ չեմ եղել, պողոտայում չեմ եղել»։

Ազատ արձակվածների խոսքով, բաժնում շարունակում էին ցուցարարների պահել, թեև օրենքով նախատեսված 3 ժամը անցել էր։

Քիչ անց, տեսնելով «Ազատության» տեսախցիկը, ոստիկանները ազատ արձակեցին նաև բերման ենթարկված վերջին ցուցարարին. Արամ Թարվերդյանը պատմեց, որ իրեն բռնությամբ են բերել բաժին.- «Մի քանի ժամ պահեցին, անունս չասացի, խփելով, հրելով, քցեցին մեքենա ու բերեցին էստեղ։ Սա է եղել։ Մենք բողոք չներկայացրեցինք, մարմնական վնասվածք չկա, պարզապես չձգձելու համար, որովհետև էսօր գործի ենք։ 4.5 ժամ պահել են»։

Թեև ոստիկանները ցրեցին ցույցը, բայց «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այն հաջողված է համարում։ «Ազատության» հետ զրույցում նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը ասաց, որ պայքարը շարունակվելու է։

«Խնդիրը նույնն է, որևէ քայլ չի արվել հօգուտ ժողովրդի, և չեմ կարծում, որ կա ինչ-որ պատճառ փողոց դուրս չգալու։ Բոլորը պետք է գիտակցեն, որ ամեն մեկը դուրս է գալու փողոց իր պահանջի, իր իրավունքին տեր կանգնելու համար»,- ասաց Սարգսյանը։

Ոստիկանների գործողության ընթացքում, ըստ Սարգսյանի, մի քանի քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նախաձեռնության համակարգող խմբից Արթուր Քոչարյանն էլ հրմշտոցի պատճառով շնչառական խնդիրներ է ունեցել և այսօր առավոտյան է միայն դուրս գրվել հիվանդանոցից։

Այժմ նախաձեռնությունում ամփոփում են երեկ տեղի ունեցածը։ Մաքսիմ Սարգսյանն ասաց՝ ի տարբերություն մյուսների, իր մասով նաև մեկ այլ հոդվածով է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվել, քանի որ իրազեկումը ինքն էր ներկայացրել քաղաքապետարան։

«180-ի պրիմ 1, 5-րդ կետը... հոդվածը ենթադրում էր նախօրոք իրազեկված երթուղուց շեղվելը, որը իր հերթին առաջացնում է առանձին վարչական տույժ՝ 50-100 դրամի չափով»։

Ապագա ծրագրերի մասին նախաձեռնությունը առաջիկայում հայտարարություն կտարածի, իսկ մինչ այդ «Ֆեյսբուք»-ում խումբ է ստեղծվել, որը կոչ է անում քաղաքացիներին այսօր երեկոյան կրկին հավաքվել Ազատության հրապարակում։ «Անհնազանդության հավաք» կոչվող միջոցառմանը մասնակցելու են նաև «Ո՛չ թալանին»-ի ակտիվիստները։


XS
SM
MD
LG