Մատչելիության հղումներ

logo-print

«Քիմպրոմ»-ի տնօրենը խորհուրդ է տալիս փողոց դուրս գալու փոխարեն դատարան դիմել


«Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, արխիվ

«Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը խորհուրդ է տալիս տասն ամիս աշխատավարձ չստացած քիմպրոմցիներին փողոց դուրս գալու փոխարեն դատական ճանապարհով լուծել իրենց խնդիրը:

«Ես չեմ մեղավորը, որ էդ փողը չկա, ինձ պարտադրել են, ես գործի բնույթով պիտի ստորագրեմ էդ պայմանագիրը, որ էդ մարդուն վաղը մյուս օրը մի բան լինի, մենք հարցերը կարողանանք կարգավորել։ Իրենց հարցերը շատ հեշտ կարգավորվող են։ Եղբա՛յր, դատարան կա, գնացեք էս գործերը տվեք դատի, ձեր փողերը ստացեք։ Օրինական ձևը դա է, ոչ թե գոռգոռալ, փողոց փակել, մարզպետին հաթաթա տալ, կառավարության վրա գոռալ, դա ձև չէ»,- ասում է Սնեգիրյովը։

Մինչդեռ քիմպրոմցիները դառը փորձ ունեն՝ դատական երկար քաշքշուկներից հետո անգամ մինչ օրս չեն կարողանում ստանալ 2011 թվականի 4-5 ամսվա աշխատավարձը: Կտրականապես հրաժարվում են դատարան դիմել:

«Մյուսները դատարան են տվել, դատարանով շահել են, բայց մինչև էսօր նույն ձևով չեն ստանում՝ թուղթը ձեռքները»։

«Քիմպրոմ»-ի տնօրեն Սնեգիրյովի խոսքով՝ արդեն մեկուկես ամիս է` գործարանի հաշիվները կալանքի տակ են: Բացի աշխատավարձի 360 միլիոն դրամ պարտքից, գործարանը նաև 25 միլիոն դոլարի հարկային ու վարկային պարտավորություններ ունի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի պարտքեր: Ըստ Սնեգիրյովի՝ խնդիրը լուծման երկու տարբերակ ունի, դրանցից մեկը գործարանը սնանկ ճանաչելն է.- «Կրեդիտորների ցուցակ կառնեն, կգան, կտեսնեն՝ ինչ կարող են վաճառել, առաջին հերթին փակվում են հարկային, հետո՝ բանկային պարտավորությունները, նոր լուծվում են մնացած հարցերը։ Այդպես է կարգը»։

Խնդրի լուծման մյուս տարբերակն, ըստ տնօրենի, 100 միլիոն դոլարի ներդրումն է, որը լիովին ոտքի կկանգնեցնի գործարանը.- «Մի հույս կա՝ գումար բերել, դնել, մոտ 100 միլիոն դոլար, որ էս գործարանը սկսի աշխատել։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ 64 թվի սարքավորումներով 2015 թվին... Սա գումար է պահանջում»։

Միայն այս տարի ավելի քան 400 աշխատող է ազատվել աշխատանքից: Այսօր գործարանը շուրջ 200 աշխատակից ունի, մեծ մասը, սակայն, անվտանգության աշխատողներ են: Աշխատավարձի սպասող քիմպրոմցիներին տնօրենը ասելիք չուներ, օրեր առաջ քիմիական գործարանի առջև հավաքված աշխատակիցները թեև փորձեցին տեղեկություն ստանալ Սնեգիրյովից, վերջինս ոչինչ չասաց, նշեց միայն, որ ինքն էլ նրանց պես վարձու աշխատող է:

Սնեգիրյովը առանց պարզաբանումներ տալու հեռացավ, ինչը զայրացրեց հավաքվածներին. վերջիններս որոշեցին անժամկետ նստացույց սկսել Վանաձորի կենտրոնական հրապարակում:

Վերջին օրերի ընթացքում տարբեր բողոքի ակցիաներ անող քիմպրոմցիների նստացույցը երկար չտևեց, մարզի ղեկավարը խորհուրդ տվեց նրանց հեռանալ՝ վստահեցնելով, թե գործն ընթացքի մեջ է, և շուտով նորություններ կլինեն աշխատավարձերի հետ կապված: «Քիմպրոմ»-ի որոշ արտադրամասեր դեռ մի քանի տարի առաջ արտադրանք էին տալիս, սակայն շուրջ երկու տարի է գործարանը չի աշխատում: Այս ընթացքում Վանաձորի քիմիական հսկայի վերագործարկման մասին աշխատողները միայն խոստումներ են լսել, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել:

XS
SM
MD
LG