Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ընդունել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու մասին Հայաստանի բանաձևը


Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նյու Յորք, 11-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, Նյու Յորք, 11-ը սեպտեմբերի, 2015թ.

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս բանաձևը գալիս է լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:

ՄԱԿ-ի 84 համահեղինակ անդամ պետությունների անունից ներկայացնելով բանաձևը` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության գործած ամենասարսափելի ոճրագործությունն է, որը դարձել է միլիոնավոր մարդկանց նահատակման պատճառ: «Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով` ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար», - ասել է դեսպան Մնացականյանը։

Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։

Բանաձևով վերահաստատվում է յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը` պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից և դրա հրահրումից։ Բանաձևում նաև ամրագրվում է ցեղասպանության անպատժելիության դեմ պայքարը` որպես կանխարգելման կարևորագույն գործոն։

Բանաձևը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանն ու անհատներին նշել միջազգային օրը` ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի, ցեղասպանության դեմ պայքարի և կանխարգելման հարցում դրա նշանակության բարձրացման ու իրազեկման նպատակով, ինչպես նաև հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի ու հարգանքի։

Իր ելույթում դեսպան Մնացականյանը նաև նշել է, որ միջազգային օրվա հռչակման միջոցով փորձ է արվում վարձահատույց լինել ցեղասպանության զոհերի ճակատագրի նկատմամբ անցյալում ցուցաբերված անտարբերության համար, և հավելել, որ ժխտողականությունը նաև խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին և խաթարում հաշտեցմանն ուղղված իրական ջանքերը։

Դեսպանն անդրադարձել է անդամ պետությունների պատասխանատվությանը` կառուցելու այնպիսի ամուր մի համակարգ, որը կսանձի ապագայում հնարավոր ցեղասպանության ոճրագործներին։ «Դա կլինի ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ճանապարհը», - ընդգծել է Մնացականյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG