Մատչելիության հղումներ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտան այսօր փակած ցուցարարների գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ «անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ»։

Համաձայն ոստիկանության հայտարարության՝ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունի բավարար տվյալներ՝ դրա նախապես կազմակերպված բնույթի վերաբերյալ:

Համաձայն հայտարարության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքից, մասնավորապես, դրա 14 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից պարզորոշ հետևում է, որ ցանկացած հավաք, այդ թվում՝ խաղաղ, ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Միաժամանակ հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը հավաքների ազատության իրավունքի բովանդակության մեջ չի ներառվում:

«ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար»,- ասված է հայտարարությունում։

ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ «իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարացվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG