Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները


ԵԱՀԿ-ի լոգոն

ԵԱՀԿ-ի լոգոն

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, անդրադարձել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրմանը։

«ՀՀ մշտական ներկայացուցիչը դատապարտեց Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զինատեսակների գործադրմամբ հրադադարի ռեժիմի խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է զոհերի և երկու քաղաքացիական անձանց վիրավորման»,- հայտնում է ԱԳՆ տեղեկատվության վարչությունը։

Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ, Ադրբեջանը շփման գծի մոտակայքում իրականացրել է լայնածավալ զորավարժություններ 65 հազար անձնակազմի, այդ թվում՝ 6000 պահեստայինների, հարյուրավոր միավորներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ:

«Դեսպանը նշել է, որ հայկական կողմը խոր մտահոգություն է հայտնում նշված սադրիչ գործողությունների առնչությամբ, ինչը ուժեղացնում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Նման քայլերով Ադրբեջանն անտեսում է Բաքվին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին ու զերծ մնալ իրավիճակի սրումից»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը, հրաժարվելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկություններից, ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման վերաբերյալ հակամարտող կողմերի հստակ հանձնառությունը միակ ուղին է խաղաղ գործընթացի առաջընթացի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG