Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Արարատի և Շիրակի մարզերում սննդային թունավորումների դեպքերի վերաբերյալ:

Քրեական գործերը, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից, հարուցվել են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով։

Երեկ սննդային թունավորման ախտանիշներով Արտաշատի հիվանդանոց էին տեղափոխվել Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ, Բերքանուշ գյուղերի 53 դպրոցականններ։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Էլյա Մամիկոնյանն «Ազատությանն» ասաց, որ բոլոր երեխաները օգտվել են դպրոցների բուֆետներից ու հիմնականում նշում էին, որ նրբերշիկ են գնել։

Դպրոցներին սնունդը մատակակարել է Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեց Գոհար Սարգսյանը։

Մամիկոնյանը նշեց, որ հիվանդանոցում դեռ բուժում է ստանում մեկ երեխա, բուժօգնություն ստանալուց հետո մյուսները դուրս են գրվել բավարար վիճակում․ - «Բոլոր երեխաները շարունակական գտնվելու են և՛ մեր հսկողության տակ, և՛ տեղամասային մանկաբույժների հսկողության տակ: Մենք անձնապես իրենց բացատրել ենք, թե ինչ պետք է անեն, և եթե վիճակի ծանրացում լինի, մենք նրանց նորից հետ ենք հրավիրելու»:

Երկրորդ քրեական գործը հարուցվել է Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ «Ազատության» Շիրակի մարզի թղթակից Սաթենիկ Կաղզվանցյանի հաղորդմամբ, հիվանդանոց են տեղափոխվել ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդներ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թունավորման այս երկու դեպքերով ուսումնասիրություններ է անցկացնում, արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից։

Քննադատությունը, թե այս իրենք ակտիվանում են թունավորման դեպքերից հետո, այս ծառայությունում չեն ընդունում։ Ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ իրենք ստուգումներ անցկացնելու իրավունք ունեն տարեկան մեկ անգամ, որոշ դեպքերում կարող են ավելացնել դրանց թիվը, նաև դիտարկումներ իրականացնել: Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը բիզնեսին ստուգումներով խանգարելու մտադրություն չունի։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մինչդեռ, պնդում է՝ հատկապես կրթական հաստատություններում ստուգումները պետք է անցկացվեն պարբերաբար և ոչ թե դեպքից դեպք։ Բախշյանը նշում է, որ դպրոցների բուֆետներին սնունդ մատակարարելու պատասխանատուն դպրոցի տնօրենն է, նա է մրցույթ հայտարարում։ Այլ բան, որ վերջնական որոշում ընդունողները դպրոցից դուրս են, Բախշյանի խոսքով՝ վերևներում։

Նրա ցույց տվեց Երևանի քաղաքապետարանի գրությունը, ըստ որի մայրաքաղաքի համայնքներից յուրաքանչյուրում մի քանի տասնյակ դպրոցների մրցույթներում հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը․ - «Ո՞նց է լինում, որ երբ մրցույթ է, մի ամբողջ վարչական շրջանի դպրոցներ հանկարծ այս մեկին են ընտրում: Հակամրցույթի մասին է փաստում այս ցուցակը: Չի կարող այսպիսի բան լինել: Դա նշանակում է, որ «Համեղ պատառ» ՍՊԸ-ին 2014 թվականին ուղարկել են Աջափնյակ»:

Այս ցուցակի համաձայն՝ 2014 թվականին «Տիգրան և Դիանա» ՍՊԸ-ն միանգամից հաղթող է ճանաչվել մի քանի համայնքների դպրոցներում։

«Սա կոռուպցիա է», - կարծում է Բախշյանը: - «Սա խոսում է այն մասին, որ մրցույթը լրիվ ձևական է: Աջափնյակի տնօրենին ասում են՝ դու պայմանագիր ես կնքելու սրա հետ, Շենգավիթին ասում են՝ սրա հետ․․․ Ի՞նչ են սրանք մատակարարում դպրոցներին: Պատահակա՞ն են այս թունավորումները․․․ Ինչ որ իրենք պիտի թափեն, բերում են և մեր երեխաներին են տալիս»:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դպրոցներում նոր ուսումնական տարում դեռևս ստուգումներ չի իրականացրել՝ դրանք կսկսվեն առաջիկայում։

XS
SM
MD
LG