Մատչելիության հղումներ

Նալբանդյանը զուգահեռ է անցկացնում Մերձավոր Արևելքում կատարվողի և Հայոց ցեղասպանության միջև


Մեծ Բրիտանիա - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Մեծ Բրիտանիա - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ելույթ ունենալով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Chatham House-ում։

«1915 թվականին հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականացվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96 թվականներին հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915 թվականի Ցեղասպանությանը», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով․ - «1915 թվականի մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով»:

«Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

«Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին», - ասել է Նալբանդյանը: - «Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տպավորիչ խոսքերը. - «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար»:

Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության են արժանացել, Բրիտանիայում ևս առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են տարելիցի խորհուրդը:

«1929 թվականին Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոսթ» և հավելել. - «Այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»: Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915 թվականի զեկույցը վերնագրել էր՝ «Ազգի սպանությունը» և այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում», - հիշեցրել է Նալբանդյանը:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014 թվականի վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և այլն», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ հատուկ ընդգծելով Գերմանիայի նախագահի «խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին»:

«Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երևանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլև` ողջ մարդկության ողբերգությունը և ցավը», - նշել էՆալբանդյանը և շեշտել․ - «Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երևան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի Նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից»:

Անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվում է Հարավային Կովկասը, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանը բավական երկար ժամանակ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է եղել, ինչը թողել է չսպիացող վերքեր:

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Chatham House-ում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար: Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն», - ասել է Նալբանդյանը:

«Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար: Համանախագահները միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ», - հայտարարել է նախարարը և շարունակել․ - «Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել: Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները և մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն»:

«Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով ուրվագծել են իրենց առաջարկները, որոնցից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների 2009 թվականից ի վեր արված հինգ հայտարարությունները: Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ և բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքներից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա», - ասել է Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է․ - «Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների կողմից նախաձեռնված առաջիկա հանդիպումները»:

«Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ մնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ նրանք շահագրգռված էին այդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ: Իրավիճակը կտրուկ փոխվեց խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի: Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար: Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով․ - «Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ: Քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել»:

Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ շփման գծի երկայնով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը, շեշտել է նա, շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները:

«Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը: Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման և պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջև: Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջևանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից: Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է: Հարևանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության և քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվում են խոսել ռեժիմի դեմ և հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին: Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով», - ասել է Նալբանդյանը:

«Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է և պետության կողմից հովանավորվող քաղաքականություն: Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ողջ աշխարհի հայերին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG