Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ելույթ է ունեցել Chatham House-ում, շարունակել հանդիպումները Լոնդոնում


Մեծ Բրիտանիա - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Մեծ Բրիտանիա - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում Chatham House-ում, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2015թ․

Պաշտոնական այցելությամբ Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։

Նախարարի ելույթին ներկա էին բրիտանացի և օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ և փորձագետներ, լրագրողներ։

Ելույթից հետո Նալբանդյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը բարձր է գնահատել նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։

Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել մշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, երկուստեք շեշտվել է Միացյալ Թագավորությունում հայկական մշակութային ժառանգության ներկայացման կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել համատեղ ծրագրերի իրականացմանը։

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարան, ուր հանդիպում է ունեցել Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի և Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձևավորման աշխատանքները։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և ծրագրված ձեռնարկները։

Մտքեր են փոխանակվել Հայաստանում և աշխարհում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Լոնդոնի Ուեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG