Մատչելիության հղումներ

Կոնգրեսականներ. ԱՄՆ-ը պետք է գլխավորի Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը


ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդ, արխիվ

ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդ, արխիվ

Հայոց ցեղասպանության հարցը կրկին բարձրացվում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների այսօրվա հալածանքների լույսի ներքո:

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պայքարել ձայնից զրկված Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների համար, հայտարարեցին Վաշինգտոնում անցնող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության «կլոր սեղանի» մասնակիցները, որոնց թվում էին մի շարք ամերիկյան օրենսդիրներ:

Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Բոբ Դոլդն իր ելույթում նշեց, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգների ձայնն ավելի բարձր լսվի Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանության գործում:

«Միացյալ Նահանգները, որպես մարդու արժանապատվությունը պաշտպանող հզորագույն երկիր, պետք է միանշանակ ազդանշան ուղղի, որ մենք չենք հանդուրժելու այն երկրներին, որոնք չեն պաշտպանում կրոնական ազատությունների ամենահիմնարար իրավունքները, հատկապես երբ դրանք կրոնական փոքրամասնություններին են վերաբերում», - հայտարարեց կոնգրեսականը:

Միացյալ Նահանգների կողմից Արևելքում բնակվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը շեշտեց նաև կոնգրեսական Մայք Քոֆմանը, որի խոսքով՝ քրիստոնյաների վիճակն այդ տարածաշրջանի որոշ երկրներում մահացու ծանր է:

«Մերձավոր Արևելքում քրիստոնյաները համակարգված հալածանքների են ենթարկվում, և անհանգստությունս այն է, որ եթե Միացյալ Նահանգները գործողություններ չձեռնարկի, այս ամենը լավ չի ավարտվի», - ասաց Քոֆմանը:

Այդ կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանն ընդգծեց օրենսդիրների կողմից առաջարկված օրինագծի կարևորությունը, որը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն է որակում: «Սա հենց այն է, ինչ մենք քարոզել ենք անցյալում՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ավելացրեց Նահապետյանը, ում կարծիքով՝ խնդիրը վերացնելուց առաջ անհրաժեշտ է դրան ճիշտ բնորոշում տալ:

Հայոց ցեղասպանության մասին խոսեցին նաև ամերիկացի օրենսդիրները: Ըստ Բոբ Դոլդի, Մերձավոր Արևելքում այժմ տեղի ունեցող իրադարձությունները կրկին անգամ ապացուցում են հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը:

Մայք Քոֆմանի կարծիքով էլ՝ կարևոր է, որ հենց Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը.

«Երբ երկիրը սեփական պատմությունը չի ճանաչում, այն կարծես չսպիացող վերք լինի: Կարծում եմ՝ հայ ժողովրդին վերաբերող իր պատմությունը կազդուրելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան այն հրապարակայնորեն ճանաչի և կարգավորի այդ հարցում սեփական պատմությունը», - շեշտեց կոնգրեսական Քոֆմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG