Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ի հանրահավաքի նախօրեին «Ազատությունը» զրույցել է շարժման համակարգող Մաքսիմ Սարգսյանի հետ:

«Վաղվա հանրահավաքը լինելու է սկզբում հավաք, հետո երթ: Այս պահին ավելի մանրամասներ չենք հրապարակում՝ ելնելով մարտավարությունից նաև, ինչպես նախորդիվ է եղել: Մենք երբևէ նախօրոք քայլերի մանրամասնություններ չենք հրապարակել՝ փորձելով մաքսիմում անկանխատեսելի լինել իրենց համար», - փոխանցեց Սարգսյանը:

Դիտարկմանը, որ քաղաքային իշխանությունները չեն արտոնել իրենց երթը դեպի Բաղրամյան պողոտա, «Ո՛չ թալանին» շարժման համակարգողը պատասխանեց․ - «Դա որևէ բան չի փոխում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ են իրենց որոշման մեջ, ազատ են իրենց տեղաշարժման մեջ, և այդքանով արդեն ամեն ինչ ասվում է»:

Հիշեցմանը, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարել է, որ սակագնին ավելացված 7 դրամը փոխհատուցվելու է, և հարցին, թե որն է այդ դեպքում իրենց պահանջը, Մաքսիմ Սարգսյանն արձագանքեց․ - «Այդ հայտարարությունը եղել էր մինչև երեկ էլ: Բայց մարզերից ստացված տեղեկությունները այլ բան են ասում: Մարդիկ ահազանգում են, որ եկել է ավել հոսանք․․․ Այսինքն, այդ հայտարարությունը ևս մի քայլ է, որպեսզի մարդկանց ցույց տան, թե աշխատում են՝ բողոքի ալիքը փոքր-ինչ նվազեցնելու համար, ինչը, կարծում եմ, որևէ մեկի վրա չի ազդելու: Մեր դիրքորոշման մեջ էլ, բնականաբար, բան չի փոխվում»:

Սարգսյանն ասաց, որ շարժմանը նոր թափ է հաղորդվում․ - «Սա կարելի է համարել երկրորդ փուլ, որը այս անգամ արդեն հստակ գնալու է վերջնական չեղարկման: Անցած անգամ մենք, չլինելով մասնագետներ, չհասկանալով ինչ է իրենից ներկայացնում աուդիտը, փորձեցինք հասկանալ, թե ինչ կտա դա քաղաքացիներին: Բայց սկսվեցին լղոզված հայտարարությունների բացումներ, որոնք եղան շատ վատ ձևով ու ապացուցեցին մեզ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկանց տրամադրվածությունը տանեն նրան, որ պիտի թանկանա: Այսինքն՝ այդ թանկացումը հիմնավոր է»:

Նրա խոսքով՝ շարժման անդամներն իրենց խաբված են զգում․ - «Հերթական անգամ: Սա ուզում եմ շեշտել․ այնպես չէ, որ մեզ համար նորություն է, որ այդ իշխանությունները միշտ խաբում են: Հերթական անգամ տեսանք, որ եղավ այլ հայտարարություն․․․ կամ դա իրենց մեջ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություն էր»:

XS
SM
MD
LG