Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դատական գործընթաց է սկսել ֆրանսիական պետական հեռուստաընկերության դեմ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ Փարիզում․ արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ Փարիզում․ արխիվ:

Ադրբեջանի առաջին տիկնոջ Մեհրիբան Ալիևայի հերթական այցը Փարիզ իսկական մղձավանջի էր վերածվել:

Իլհամ Ալիևի ընտանիքի հաճախակի այցերը Փարիզ սովորաբար ավարտվում են պապարացիների մի քանի լուսանկարներով, որոնցում պատկերված են լինում աշխարհի նորաձևության մայրաքաղաքի ամենաթանկարժեք խանութներում առևտուր անող Իլհամ Ալիևի տիկինն ու դուստրերը:

Սակայն այս անգամ Մեհրիբան Ալիևան շատ ավելի անհարմար իրավիճակում էր հայտնվել: Ֆրանսիայում Ադրբեջանը որպես հանդուրժող երկիր ներկայացնող Մեհրիբան Ալիևային France 2 հեռուստաընկերության թղթակից Էլիս Լյուշեն պարզապես հարցրել է․ - «Իսկապե՞ս Ադրբեջանը հանդուրժող երկիր է: «Իհարկե», - շփոթված պատասխանել է Ադրբեջանի առաջին տիկինը: Լրագրողը, սակայն, շտապել է հիշեցնել նրան, որ մարդու իրավունքների իրավիճակի մասին մի շարք զեկույցներ հակառակն են վկայում՝ մասնավորապես այն, որ երկրում տասնյակ քաղբանտարկյալներ կան: «Ինչպե՞ս կարող եք նման բան ասել», - զարմացել է տիկին Ալիևան և պնդել․ - «Դա այդպես չէ: Խորհուրդ եմ տալիս գնալ և տեղում համոզվել դրանում»:

Այնուհետև Իլհամ Ալիևի կինը շտապ հեռացել է ֆրանսիացի լրագրողի տեսադաշտից՝ շարունակությանը թողնելով իր թիկնապահներին, ովքեր լրագրողին հրահանգել են լռել: «Մենք Ֆրանսիայում ենք», - հիշեցրել է լրագրողը՝ ընդգծելով, որ իր երկրում լրագրողները իրավունք ունեն հարցեր հնչեցնելու:

Ադրբեջանական բանտում պահվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի և իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարներով Մեհրիբան Ալիևայի միջոցառմանը ներկայացած լրագրողը ֆրանսիական պետական հեռուստաընկերության թղթակից է: Այսօր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պաշտոնական Բաքուն դատական գործընթաց է սկսել այդ հեռուստաընկերության դեմ:

Բանն այն է, որ մինչ անցած շաբաթ Մեհրիբան Ալիևան Փարիզում վայելում էր բարձր մակարդակի ընդունելություններ, Ֆրանսիայի պետական հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին պատմող փաստագրական ֆիլմ: Ֆիլմի հեղինակները Բաքու էին մեկնել անցյալ տարի գարնանը Ֆրանսիայի առաջնորդի այցի ժամանակ: Ադրբեջանում կատարած նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից առգրավվել էր նկարահանված նյութը, մասնավորապես՝ ընդդիմադիր ակտիվիստների և իրավապաշտպանների հետ հարցազրույցները։

Ադրբեջանական իշխանությունները սրտնեղել են հատկապես այն բանի համար, որ ֆիլմում երկիրը ներկայացվում է որպես բռնապետություն, իսկ երկրի առաջնորդը՝ որպես բռնապետ:

«Ադրբեջանն այլևս չի պատրաստվում հանդուրժել նման վերաբերմունքը և դատի կտա նրանց, ովքեր կզրպարտեն իրեն», - մասնավորապես ասվում է պաշտոնական Բաքուն ներկայացնող փաստաբանի հայտարարությունում:

XS
SM
MD
LG