Մատչելիության հղումներ

Քաղաքապետի երկու թեկնածուն էլ պնդում են, թե այս ընտրությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պայքար չէ։

Մարալիկի քաղաքապետի աթոռի համար սեպտեմբերի 13-ին թեժ պայքար է սպասվում: Վերջին օրերին Շիրակի մարզի այս փոքր քաղաքում կառավարական շարասյուների պակաս չի զգացվում: Հերթական այցը Ազգային ժողովի նախագահինն էր։

Մարալիկի գործող հանրապետական քաղաքապետ Արտակ Գևորգյանին են գալիս սատարելու հարազատ կուսակցության ղեկավարները: Հանրապետականը հենց նրա թեկնածությունն է առաջադրել քաղաքի ղեկավարի պաշտոնում՝ արդեն չորրորդ անգամ:

Գևորգյանի մրցակիցը ԲՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանն է, ով քաղաքապետարանում գույքահարկի տեսուչ է աշխատում: Հարցին՝ արդյոք պայքարը իրակա՞ն է, թե՞ առաջադրվել է զուտ մրցակցություն ապահովելու համար, Ավդալյանը պատասխանեց.- «Ձևական առաջադրում չկա, մենք շատ լուրջ առաջադրվել ենք և մարտական էլ պայքարելու ենք մինչև վերջ»։

Մարալիկի համայնքապետի վերջին երեք ընտրություններին Արտակ Գևորգյանը միակ թեկնածուն է եղել, մարալիկցիներն այժմ ընտրության հնարավորություն ունեն:

«Սուր պայքար է գնում Մարալիկում, քանի որ էսքան ժամանակ ոչ մի մարդ չի դրել թեկնածությունը, մենակ է եղել, անցել է, հիմա սուր պայքար է գնում, թեժ է լինելու»,- ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։

Քաղաքապետի երկու թեկնածուն էլ պնդում են, թե այս ընտրությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պայքար չէ։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները առհասարակ յուրովի և անհատական են։ Չփորձենք այս ամեն ինչը տանել քաղաքականություն»,- ասում է գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանը։

«Սա Հանրապետականի և Բարգավաճի կռիվ չէ, եկեք ստեղ իրար չներկայացնենք ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, սա մեր քաղաքի, ժողովրդի խնդիրն է։ Սա քաղաքական պայքար չեմ համարում»,- ասաց Արտակ Ավդալյանը։

11 տարի քաղաքապետի աթոռը զբաղեցնող Արտակ Գևորգյանն ասում է՝ քաղաքը ևս չորս տարի ղեկավարելու հայտ է ներկայացրել, քանի որ չի ցանկանում կիսատ թողնել սկսած ծրագրերը:

Քաղաքապետարանի գույքահարկի տեսուչ քաղաքապետի թեկնածուն առաջին անգամ է ընտրապայքարի մեջ մտել:

«Ընտրապայքարի մեջ մտնելը եղել է մեր ազգաբնակչության որոշումը, մեր դրսի գործարար տղերքի որոշումը, մեր ժողովուրդը եկել է հայտարարի, որ արդեն չորրորդ անգամ է մեր Մարալիկի ղեկավարի ընտրություններ լինում, ու երկու անգամ ընդհանրապես մարդ չի առաջադրվել։ Եթե չառաջադրվեի, սա երրորդ անգամն էր լինելու։ Քաղաքի վիճակը տեսնելով՝ մեր բնակչությունը որոշեց, որ թեկնածու պիտի առաջադրի և առաջադրեցին իմ թեկնածությունը, ես էլ չմերժեցի»,- ասաց Ավդալյանը։

Տեղացիներն ասում են՝ քվեարկությունից օրեր առաջ քաղաքը բաժանված է երկու մասի: Բայց թեկնածուներն էլ նշում են՝ սեպտեմբերի 13-ից հետո 14-ն է գալու, և խոստանում են հարցերը քաղաքակիրթ ձևով լուծել:

XS
SM
MD
LG