Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները մտահոգված են «Հունիսի 23»-ի գործի ընթացքով


Ոստիկանությունը ցրում է Բաղրամյան պողոտայի հունիսի 23-ի ցույցը

Ոստիկանությունը ցրում է Բաղրամյան պողոտայի հունիսի 23-ի ցույցը

Այսօր լրագրողական 9 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ու իրենց մտահոգությունը հայտնել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է . - «Տրամաբանական համարելով, որ նախաքննության համար նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամկետ ստացավ իրեն վերապահված գործառույթները իրականացնելու համար, այնուամենայնիվ անթույլատրելի է ՀՔԾ-ում դրսևորվող մակերեսային մոտեցումն ու դանդաղկոտությունը»:

Կազմակերպությունները հայտնում են, որ ծավալուն քրեական գործը, որը ներառում է նաև տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ, սա վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին։

Նրանք հաղորդագրությունում նշում են, որ «ոստիկանների կողմից բռնության կամ տարատեսակ այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ դեռ չեն հարցաքննվել։ Մեկ լրագրողի՝ iLur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին, դեռևս չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը, ավելին՝ ոստիկանության կողմից առաջարկվել է վրդովմունք հարուցող «գործարք». այդ սարքը կտրամադրվի, եթե լրագրողն իր բողոքը հետ վերցնի»։

«Հաշվի առնելով վերոգրյալը, մենք պահանջում ենք՝ Հատուկ քննչական ծառայությունից՝ անհապաղ վերանայել մոտեցումները և կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ և օբյեկտիվորեն քննելու այս քրեական գործը։ Դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այս քրեական գործի նկատմամբ՝ լրագրողների ու օպերատորների աշխատանքը խոչընդոտած և նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար», - ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների թվում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։

Հիշեցնենք, հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, հայհոյանքներով, ջրցան մեքենայի գործադրմամբ ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։ Բախումների ժամանակ բռնություն կիրառվեց նաև լրագրողների նկատմամբ. քաղաքացիական հագուստով անձինք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, խլում տեսանկարահանող սարքերի չիպերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG