Մատչելիության հղումներ

Սիրիայում առնվազն երեք ռուսական ռազմական բեռնատար օդանավ է վայրէջք կատարել


Քաղաքական ծաղրանկար

Քաղաքական ծաղրանկար

Սիրիայում վերջին երեք օրվա ընթացքում առնվազն երեք ռուսական ռազմական բեռնատար օդանավ է վայրէջք կատարել, այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Օդանավերը վայրէջք են կատարել Սիրիայի Լաթաքիա շրջանում՝ երկրի միջերկրածովյան ափին գտնվող օդանավակայանում։ Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը օդանավակայանում շենք է կառուցել, որը կարող է մոտ հարյուր մարդ տեղավորել: Այնտեղ են տեղափոխվել նաև օդային տարածքի հսկողության համար սարքավորումները: Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը գործակալության հետ զրույցում ասել է, թե այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստվում է Լաթաքիայի օդանավակայանը վերածել օդային գործողությունների կառավարման կենտրոնի։

Երեկ հայտնի դարձավ, որ Բուլղարիան պաշտոնապես մերժել է օդային միջանցք տրամադրել Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական օդանավերին։ Պաշտոնական Սոֆիայի բացասական պատասխանը հաջորդել է Միացյալ Նահանգների խնդրանքին. Վաշինգտոնը կասկածում էր, թե օդանավում մարդասիրական օգնություն էր, ինչպես Մոսկվան էր պնդում։ Չորեքշաբթի օրը Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է թույլ տալ ռուսական օդանավերին օգտագործել երկրի օդային տարածքը Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու նպատակով, սակայն եթե Մոսկվան թույլ տա ստուգել բեռները։

«Եթե մեր ռուսաստանյան գործընկերները համաձայն են ստուգումներ անցկացնելու մասին մեր առաջարկին, ապա մենք, իհարկե, կտրամադրենք օդային միջանցք»,- հայտարարել է Միտովը։

Ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարել է, թե երկու ռուսական օդանավերը Սիրիա հասնելու համար կօգտագործեն Իրանի օդային տարածքը։ Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնվել էր ոչ վերջնականորեն հաստատված և ոչ էլ հերքված տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանը կարող է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու նպատակով, մասնավորապես՝ նրա հակառակորդների դեմ պայքարելու հարցում՝ ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ «Ալ-Ղաիդա»-ի տեղական ներկայացուցչության, նաև Արևմուտքի աջակցությունը վայելող ժողովրդավարական ընդդիմության։

Սիրիայի զարգացումներում ռուսական մասնակցության մասին հաղորդագրություններում նշվում է, որ ռուսական ռազմանավերը Բոսֆորի նեղուցով զինտեխնիկա են ուղարկում սիրիական նավահանգիստներ։

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Վաշինգտոնին խիստ անհանգստացրել են տեղեկությունները, որ ռուսներն ավելացնում են Բաշար ալ-Ասադին հատկացվող ռազմական օգնության ծավալը։

Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է, որ Սիրիայում ռուսական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել առճակատման։ Մոսկվան այսօր հաստատել է՝ Սիրիայում կան ռուս զինվորականներ, նրանք ռազմական մասնագետներ են, որոնք սիրիացիներին օգնում են յուրացնել ռուսական ռազմատեխնիկան:

«Կարող եմ հաստատել և կրկնել, որ Սիրիայում կան նաև ռուս ռազմական մասնագետներ, որոնք օգնում են յուրացնել մատակարարվող տեխնիկան»,- ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև հավելել է, որ Ռուսաստանը երբեք գաղտնի չի պահել Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ռուսական կողմը վաղուց է Սիրիային մատակարարում ռազմական տեխնիկա` համապատասխան պայմանագրերի և միջազգային իրավունքի հիման վրա։

XS
SM
MD
LG