Մատչելիության հղումներ

Ոսկերիչյանը որոշել է Հայաստան իր մուտքն արգելելու հարցը «միջազգայնացնել»


Ֆրանսիայի քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերիչյան
Ֆրանսիայի քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերիչյան

Ֆրանսիայի քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերիչյանը կդիմի Վարչական դատարան՝ վիճարկելու Հայաստան իր մուտքն արգելելու որոշումը:

Տարիներ շարունակ անարգել Երևան ժամանող Ֆրանսիայի քաղաքացի Ոսկերիչյանը արդեն 4 ամիս է՝ պատմական հայրենիք գալ չի կարողանում։ Մայիսի 21-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանից նրան հետ՝ Ֆրանսիա է ուղարկել։

«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Ոսկերիչյանը ենթադրում է, որ պատճառը իր ընդդիմադիր հայացքներն են: Հիշում է՝ վերջին անգամ, երբ Հայաստանից Ֆրանսիա էր ուղևորվում, «Զվարթնոցում» անվտանգության աշխատակիցները բացել են իր ճամպրուկը, որտեղ եղել են իշխանափոխության մասին հայտարարող «Հիմնադիր խորհրդարանի» վերաբերյալ հրապարակումներ։

«Ես նաև իմ հետս ունեի շարժման DVD-ները, թռուցիկներ, որոնք պիտի բաժնեի Ֆրանսիայում և իրանց ալ նվիրեցի, որոնք ուզում էին քննարկել իմ ճամպրուկս: Էդ ժամանակից գուշակեցի, որ 21 մայիսի ճամփորդության ժամանակ մի բան պիտի անեն, բայց չէի գուշակում, որ չպիտի թույլ տան իմ երկիր մտնելու», - պատմում է նա:

Ֆրանսիայի հայկական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ, այս միջադեպից վրդովված, դիմել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին, Սփյուռքի նախարարին, Հայաստանի վարչապետին, նամակ են հղել անգամ նախագահ Սերժ Սարգսյանին։ Անարդյունք։ Ոսկերիչյանն ասում է՝ որոշել էր մինչև ամառվա վերջ սպասել, ու պատասխան չստանալու դեպքում միայն դիմել Ֆրանսիայի իշխանություններին։

«Եթե մինչև հիմա ավելի կտրուկ քայլերի չդիմեցի, ի վերջո, նույնիսկ եթե իրենք ինձ վռնդեցին իմ երկրից, ես արդեն Հայաստանին վատ եղած համբավը ավելի չուզեցի վատացնել, բայց պարտավոր պիտի լինեմ սրանից հետո ավելի ուրիշ քայլերու դիմելու և հարցը միջազգայնացնելու», - ասում է նա:

Ոսկերիչյանի խոսքով, իր փաստաբանը դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարություն, որը կապվել է հայաստանցի գործընկերների հետ խնդիրը լուծելու համար։ Մինչ այդ արդեն հայտնի է Ազգային անվտանգության ծառայության պարզաբանումը. սփյուռքահայի մուտքն արգելվել է, քանի որ նա սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: ԱԱԾ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մի քանի հարցումներին ի պատասխան, վկայակոչել է օտարերկրացիների մասին օրենքի հոդվածը, ըստ որի օտարերկրյա քաղաքացու «մուտքը արգելվում է նրա կողմից Հայաստանի պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների պատճառով»։ Թե կոնկրետ Ոսկերիչյանի պարագայում ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, ԱԱԾ-ն չի մեկնաբանել, նշելով, թե դա արդեն պետական գաղտնիք է։

Ոսկերիչյանը պնդում է՝ հակահայկական գործունեություն չի ծավալել․ - «Հայաստանի անվտանգության սպառնացողները հենց Հայաստանի իշխանություններն են, որոնց վարած քաղաքականության պատճառով առնվազն մեկուկես կամ երկու միլիոն հայ այսօր իր երկիրը թողած և Սփյուռքում կամ արտերկրներում թափառական վիճակի մեջ է ապրում»:

Փարիզում հաշվապահական գրասենյակի սեփականատերն ասում է՝ ամեն կերպ փորձելու է վերականգնել իր իրավունքները: Եթե Ֆրանսիայի արտգործնախարարության աջակցությամբ հարցը չլուծվի, հնարավոր է՝ դիմի Ֆրանսիայի նախագահին։

XS
SM
MD
LG