Մատչելիության հղումներ

Ըստ տնտեսագետի, ԵՏՄ-ում ռուբլով առևտուր անելու նպատակը անդամ երկրներին տնտեսական «ձախողված» ուղեծրում պահելն է


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսում մասնակցում է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, 8-ը սեպտեմբերի, 2015թ․, պաշտոնական
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսում մասնակցում է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, 8-ը սեպտեմբերի, 2015թ․, պաշտոնական

Հայաստանում տարակուսած են վարչապետի հայտարարությունից՝ ինչպե՞ս կարող են ԵՏՄ-ում փոխադարձ հաշվարկներն իրականացնել խիստ անկայուն ռուբլու հիման վրա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուս կատարած այցի ընթացքում առաջարկել է հրաժարվել դոլարից ու ԵՏՄ անդամ երկրների միջև ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուսական ռուբլով, հաղորդում է բելառուսական պետական Белта գործակալությունը:

Երեկ Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Աբրահամյանը, մասնավորապես, ասել է․ - «ԵՏՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի փոխադարձ հաշվարկների՝ ազգային արժույթներով իրականացումը ակտիվացնելու և դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևոր է ԵՏՄ-ի երկրների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիման վրա, առանց դոլարին կապակցելու իրականացման գաղափարը»:

Սակայն վարչապետի այս հայտարարության մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի նշված:

Հստակության համար դիմեցինք վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին: Արձագանքը հետևյալն էր․ - «Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը շեշտել է ԵՏՄ-ում էներգակիրների՝ ռուբլով առևտրի հարցը»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք վարչապետը նկատի է ունեցել միայն էներգակիրները, երբ խոսում էր առևտուրը ռուբլով իրականացնելու մասին, Պողոսյանը պատասխանեց․ - «Նախ և առաջ էներգակիրները, բայց ռուբլով առևտուրը կարող է վերաբերել նաև ռազմավարական այլ ապրանքների»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, արժեզրկվող ու խիստ անկայուն ռուբլու պայմաններում խոսել փոխադարձ հաշվարկներն ու առևտուրը ռուսական արժույթով իրականացնելու մասին, մեղմ ասած, անլուրջ է:

Ըստ Եղիազարյանի, նման քայլը ֆինանսական ընդհանուր շուկա ձևավորելու նպատակ ունի, ինչից հետո էլ կբարձրացվի ԵՏՄ միասնական արժույթի հարցը:

«Ռուսաստանը փորձում է արագացնել գործընթացները, լավ հասկանալով, որ որպես տնտեսական միություն՝ եվրասիական պրոյեկտները ձախողվել են, և պետք է արագացնել գործընթացը, այլ ելք չի մնում: Այսինքն, էս երկրներին իր տնտեսական քաղաքական ուղեծրում պահելու համար պետք է արագացվեն այդ գործընթացները»:

Տնտեսագետի խոսքով, ԵՏՄ շրջանակում ռուբլով առևտուր անելու պարագայում միության անդամ երկրներն է՛լ ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվեն Մոսկվայից, որովհետև կուտակած ռուբլիները բացի ռուսական տնտեսությանը պատվեր տալուց այլ տեղ չեն կարող ուղղել:

Ռուսաստան արտահանմամբ զբաղվող գործարար Արամ Մանուկյանի խոսքով, եթե առևտրի հիմքում դրվում է անկայուն արժույթը, դա գործարարների համար գրեթե անհնար կդարձնի բիզնեսի երկարատև պլանավորումը:

«Մեկ օրվա մեջ կարող ես պլանավորել, գործարք անել, բայց մյուս օրն արդեն չես կարող: Հիմնականում կորցնում ենք, որովհետև ռուբլին արժեզրկվում է», - ասում է գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG