Մատչելիության հղումներ

Չկալովը բարեկարգվում է, բայց գյուղի երիտասարդները շարունակում են հեռանալ


«Ջահել չկա, փախել են, չիմ կորել գնացել են: Մարդ չկա: Որը ծնվեց՝ ստի չի մնում, գնում են քաղաք», - ասում են գյուղի տարեցները:

Չկալովը Լոռու մարզի ամենահաջողակ գյուղերից է։ Միացյալ Նահանգներում բնակվող համագյուղացի Սիլվա Մովսիսյանը գյուղի անունով հիմնադրամ է բացել ու վերջին 4 տարիներին՝ երիտասարդ գյուղապետի ընտրվելու հետ, ծննդավայրում մոտ 30 միլիոն դրամ ծախսել․ գյուղամիջյան ճանապարհներն են նորոգել, փողոցներում գիշերային լուսավորություն անցկացրել և անգամ 23 կմ հեռավորությունից ջուր հասցրել տասնամյակներ շարունակ խմելու ջուր չունեցող գյուղ։

«Մին հետ լավ ջուր ա քաշել, լույս ա քաշել, ճանապարհներ ա սարքել: Ընտիր սարքել ա», - իրար հերթ չտալով պատմում էին չկալովցի կանայք:

Այսօր էլ գյուղում շարունակվում են աշխատանքները։ Հրապարակ են կառուցում, հիմնանորոգում գյուղապետարանի շենքը:

30-ամյա գյուղապետ Ռոման Շաքարյանը մեր այցելության պահին գնացել էր դաշտ՝ խոտհունձի։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս գյուղապետն անասնապահությամբ է զբաղվում․ չկարողացավ գյուղ իջնել, բայց հեռախոսով ասաց, որ առաջիկայում շատ անելիք ունի: Ասաց՝ մտադիր է գազաֆիկացնել գյուղը, խմելու ջուրը տներ հասցնել և վերանորոգել դպրոցը։ Մոտ 200 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը գյուղապետարանի պաշտոնական կայքում հրապարակված իր նախընտրական ծրագրի զգալի մասն արդեն իրագործել է։ Ասում է՝ թափանցիկ է աշխատում ու ներդրողների մոտ վստահություն ունի։

Բայց մի խնդիր անկարող է լուծել․ գյուղում բնակիչ չկա: Թումանյանի ծննդավայր Դսեղի հարևան Չկալովում մինչև 88-ի երկրաշարժը կարի ֆաբրիկա է գործել։ Քաղաքատիպ կյանքին սովոր գյուղացիները դժվարությամբ են հարմարվում գյուղական կյանքին:

«Ջահել չկա, փախել են, չիմ կորել գնացել են: Մարդ չկա», - ասում են գյուղում մեզ հանդիպած չկալովցիները: - «Որը ծնվեց՝ ստի չի մնում, գնում են քաղաք»:

9-ամյա դպրոցում այսօր 12 երեխա է սովորում։ Դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցի է ընդունել։

Չկալովցի Գառնիկ Զալինյանն ու նրա համագյուղացին գոհ են երիտասարդ գյուղապետից, բայց օրենքների հեղինակների ու երկրում կարգուկանոն հաստատողների հասցեին բողոքներ ունեին։ Երբեմնի ծաղկուն գյուղի հողերն անմշակ են մնում։ Գյուղում ունևորներ չկան՝ չնայած օր ու գիշեր աշխատում են։

«Ստե էն գեղը չի, որ լիարժեք ապրենք, գեղամիջում զրից անենք: Ամենքս զբաղմունքի, մտածմունքի մեջ մարդիկ ենք: Մենակ էդ նախագահի ընտրության վախտը մի երկու միլիցա-մուլուցա են գալի, վխցնելով ընտրիլ տալի», - ասում են նրանք:

XS
SM
MD
LG