Մատչելիության հղումներ

Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ձգվող փախստականների հոսքի մեջ «հայերը փոքրաթիվ են»


Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքը դեպի Եվրոպա չի դադարում, արխիվ
Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքը դեպի Եվրոպա չի դադարում, արխիվ

Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում Հայաստանում բնակություն է հաստատել մոտ 13 հազար սիրիահայ, սակայն, նրանցից շատերը ցանկանում են հեռանալ այստեղից:

«Մերձավոր Արևելքից հիմնականում սիրիական պատերազմի պատճառով եվրոպական երկրներ հասած փախստականների մեջ նաև հայեր կան, սակայն նրանց թիվը մեծ չէ»:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Հալեպի Հայոց առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը։ Նրա խոսքով, պատերազմական վիճակում վիճակագրություն պահելը դժվար է։

«Կրնա պատահիլ անուններ նշեմ, որոնք ձևով մը Արևմուտք գացած են, հետևաբար ոչ մեկ լուրջ պաշտոնական հավաստի տեղեկություններ չունիմ, որ կրնամ փոխանցել», - ասաց Ռեիսյանը։

Սիրիայից Եվրոպա հասած փախստականների թվում են նաև հալեպահայ Մասիս Ֆերմանյանի հարազատները: Նա պատմում է, որ մի քանիսը սահմանը ճեղքելով են Գերմանիա հասել և ապաստան գտել փախստականների ճամբարում։ Գերմանիան միգրանտների համար ցանկալի երկրների շարքում է։ Այստեղ ապահովում են կացարանով ու սնունդով, նաև ամենամսյա գումար տալիս։

«Եղբայրս հասավ, մի ձևով մը հասավ, Թուրքիայեն Հունգարիա, Հունգարիայեն Գերմանիա, դժվար ձևով հասավ։ Երեք օր չի պարկել, չի քնացել, ոտքի վրա։ Տիկինը, աղջիկները Շվեդ գացին, եղբայրս երկու օր առաջ Գերմանիա մտավ, նրա կինը, աղջիկները ետ պիտի գան Գերմանիա, միասին ապրեն», - պատմում է Մասիս Ֆերմանյանը։

Նա Սիրիայում հայտնի երգիչ է եղել, նաև ֆիլմերում է նկարահանվել։ 67-ամյա արվեստագետը հիմա Հայաստանում արագ սննդի մատակարարմամբ է զբաղվում։ Նա այստեղ որդու հետ փոքր բիզնես է հիմնել, սակայն երկար մնալ չի պատրաստվում։ Ամեն օր հաշվում է Հայաստանում անցկացրած օրերը՝ արդեն մեկ տարի 20 օր։ Մի քանի ամսից ծրագրում է Լիբանան մեկնել, այնտեղից էլ՝ այլ երկիր տեղափոխվել։

«Հայերը, մոտ 70 տոկոսը, էստեղ եկան՝ Հայաստան, կարծելով, որ հայրենիքը մեզի պիտի օգնի։ Հեչ մեկը մեզի չօգնեց, տիկինիս ասին, որ օգնություն կտանք՝ ուտեստեղեն, գացինք՝ բլղուր տվին, բրինձ, որդոտած։ Ետ թափեցինք։ Տունը վարձով՝ 400 դոլար, բուդկան՝ 300 դոլար, էսի 1000 դոլար։ Է, մենք ի՞նչ պիտի աշխատինք, որ տանք։ Ոչ միայն ես, բոլոր ներգաղթյալ երիտասարդները», - շարունակում է սիրիահայը։

Նույն կարծիքին է նաև շուրջ երկու տարի Հայաստանում բնակվող սիրիահայ Ջորջ Սարգսյանը։

«Հիմա, ներկա պահին, հարյուր ասեմ, 70 տոկոս երիտասարդությունը մտածում է, որ դուրս գնա, աշխատանքից գոհ չեն, էստեղ աշխատանք շատ դժվար կճարես, աշխատանքն էլ որ կճարես, վարձքը քիչ է»։

Մեզ հետ զրույցում սիրիահայերից շատերն էին ասում՝ երբ ծննդավայրում վիճակը լավանա, ետ են գնալու։ Տեղում, սակայն, լավատեսական կանխատեսումներ դեռ չկան։ Հալեպաբնակ Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց, որ հոսանք ունենում են միայն օրական մեկ ժամ, վերջին օրերին ջրամատակարարումը վերականգնվել է, սակայն ռազմական գործողությունները չեն դադարում:

Տևական ժամանակ է սիրիահայ կինը ընտանիքի հետ ցանկանում է լքել պատերազմի մեջ հայտնված այդ երկիրը, սակայն ֆինանսական միջոցներ չունի։ Փախստականների խմբին էլ չի ցանկանում միանալ, քանի որ համոզված է՝ այդ ճանապարհներին 90-ամյա մայրը չի դիմանա։

«Դժվարին է, կսեն, շատ դժվարին է գաղթելը։ Այսինքն ելք չկա։ Մամաս ծերուկ, այսօր կա, վաղը չկա։ Ամուսինս 72 տարեկան, ես 59 տարեկան։ Չգիտեմ մինչև երբ պիտի կրնանք այս նեղություններուն դիմանալ»։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին օրեր առաջ «Ազատության» հարցին՝ հաշվի առնելով այս օրերին ԵՄ երկրներում փախստականների խնդրով որդեգրած քաղաքականությունը, հնարավո՞ր է ակնկալել Սիրիայից ու Թուրքիայից ներգաղթյալների մեծ հոսք նաև Հայաստան, պատասխանել էր՝ նման կանխատեսում իրենք չունեն։

«Չենք կարծում, որ ԵՄ-ում ստեղծված իրավիճակի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթյալների հոսքն ավելանա, բայց այն, ինչ այսօր կա, խոսքը փոքր թվի մասին է՝ մոտ 3000, կշարունակվի: Մարդիկ գնում են այն երկրներ, որտեղ իրենց հարմարավետ են զգում», - ասել էր Պոչապսկին:

Ըստ նրա, Սիրիայից Հայաստան է գալիս շաբաթական մոտ 100 մարդ։ Պաշտոնական տվյալների համաձայն, պատերազմի չորս տարիների ընթացքում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի թիվը հասնում է 13.000-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG