Մատչելիության հղումներ

Ժան-Կլոդ Յունկեր. «Եվրոպան առնվազն 160 հազար փախստական կընդունի»


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր

Առաջիկա ամիսներին Եվրամիությունը ապաստան կտրամադրի առնվազն 160 հազար փախստականների: Այս մասին այսօր Եվրախորհրդարանում հնչեցրած իր հուզական ճառում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը` նշելով, որ այդ թիվը ներառում է նաև այն 40 հազար ներգաղթյալներին, որոնց տեղաբաշխման մասին որոշումը կայացվել էր մայիսին:

«Ես կոչ եմ անում Եվրամիության անդամ պետություններին հաստատել 160 հազար փախստականների արտակարգ տեղաբաշխման ծրագիրը, որը սեպտեմբերի 14-ին արդեն պետք է ընդունվի ներքին գործերի նախարարների հավաքի կողմից: Կրկնում եմ, խոսքը 40 կամ 120 հազար փախստականների մասին չէ: 160 հազար մարդ` ընդհանուր առմամբ հենց այսքան փախստական պետք է ընդունի Եվրոպան»,- հայտարարեց Յունկերը` հավելելով նաև, որ հատուկ այս ծրագրի իրագործման նպատակով Եվրամիությունը 1 միլիարդ 800 միլիոն եվրո ընդհանուր ծավալով հիմնադրամ կստեղծի, որը հնարավորություն կտա եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն հաղթահարել փախստականների հոսքի շուրջ ծագած ճգնաժամը:

Բրիտանական BBC-ին հաջողվել է ծանոթանալ Եվրոպական հանձնաժողովի հակաճգնաժամային ծրագրի մի շարք այլ մանրամասներին ևս: Դրանց համաձայն այժմ Իտալիայում, Հունաստանում և Հունգարիայում գտնվող փախստականների 60 տոկոսը տեղաբաշխվելու է Եվրամիության երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի տարածքում: Ըստ Ժան-Կլոդ Յունկերի, սակայն, նույնիսկ այս մի ծրագիրը ի վիճակի չի լինի ամբողջությամբ լուծել խնդիրը, քանի որ Եվրամիությունը գործ ունի փախստականների բավական պատկառելի թվի հետ:

«Այս տարեսկզբից ի վեր շուրջ կես միլիոն մարդ է ժամանել Եվրոպա: Նրանց ճնշող մեծամասնությունը փախչում է սիրիական պատերազմից, «Իսլամական պետության»` Լիբիայում ծավալած ահաբեկչությունից և Էրիթրեայի բռնապետությունից: Այս հոսքից առավել տուժած պետություններն են Հունաստանը, որ ընդունել է շուրջ 200 հազար փախստական, Հունգարիան, որ մոտ 150 հազար փախստական է ընդունել, և Իտալիան` 120 հազար մարդ»,- նշեց Յունկերը:

Եվրահանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ թեև այս թվերը բավական տպավորիչ են, այնուհանդերձ, դա Եվրամիության 500 միլիոնանոց բնակչության աննշան մասն է կազմում:

«Մենք խոսում ենք մարդկանց, այլ ոչ թե թվերի մասին: Մարդիկ այսօր գալիս են Սիրիայից և Լիբիայից, վաղը նույն խնդիրը կարող է ծագել Ուկրաինայի պարագայում: Արդյոք մենք ընտրողաբար ենք վերաբերելու, արդյոք մենք տարբերակում ենք դնելու քրիստոնյաների, հրեաների կամ մահմեդականների միջև: Եվրոպական մայրցամաքը կրոնական հողի վրա արված նման տարբերակման շատ վատ փորձ ունի»,- ասաց Յունկերը` Եվրոպական խորհրդարանի անդամներին հատուկ զգուշացնելով.- «Ես չեմ ցանկանում որևէ պատրանք ստեղծել, թե փախստականների ճգնաժամը մոտ ապագայում կհանգուցալուծվի: Մենք պետք է գիտակցենք դա: Բայց փախստականներով լի նավերը հետ ուղարկելը, ճամբարներ հրկիզելը կամ անօգնական վիճակում գտնվող մարդկանց անտեսելը արդեն Եվրոպա չէ»։

Դիմելով արևելաեվրոպական պետությունների` նախևառաջ Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի կառավարություններին, որոնք դեմ են կամ վերապահումներով են մոտենում փախստականների ընդունման քվոտաների սահմանը, Յունկերը հայտարարեց.-«Հարկավոր է հիշել, որ Եվրոպան այն մայրցամաքն է, որտեղ գեթ մեկ անգամ [ազգերից] որևէ մեկը հայտնվել է փախստականի կարգավիճակում: Հունգարացի հեղափոխականները 1956 թվականին Ավստրիա էին փախչում խորհրդային տանկերից: Չեխերն ու սլովակները ապաստան էին խնդրում այլ երկրներում, այդ թվում՝ իմ հայրենի Լյուքսեմբուրգում 1968 թվականին` «Պրահյան գարնան» ճնշումից հետո: Ի վերջո արդյոք մենք մոռացե՞լ ենք, որ լեհական ծագման շուրջ 20 միլիոն մարդ այսօր ապրում է Լեհաստանի սահմաններից դուրս՝ որպես այդ երկրի բազմաչարչար պատմության ընթացքում տեղի ունեցած բաժանումների և տեղահանումների հետևանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG