Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը թույ չտվեց «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը երթ անել Բաղրամյանով


«Ո՛չ թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան նախագահի նստավայրի առջև, արխիվ

«Ո՛չ թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան նախագահի նստավայրի առջև, արխիվ

Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ երթն անպայման կայանալու է: Ուղղությունը կորոշեն ավելի ուշ: Իսկ ուրբաթ օրվա հանրահավաքին ընդառաջ իրազեկման ավտոերթ կանցկացնեն:

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու մասին «Ո՛չ թալանին» նախաձեռնության իրազեկումը: Ակտիվիստները, սակայն, ընդգծում են՝ երթը, միևնույն է, կայանալու է, իսկ դրա երթուղին ուրբաթ օրը անցկացվելիք հանրահավաքին կորոշի ժողովուրդը։

«Նորից դուրս ենք գալու փողոց ու քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցները, որոնք օրենքով արգելված չեն, կիրառելու ենք: Ինչպես նախորդ դեպքերում, մենք քայլ առաջ երբեք չենք հրապարակել, կան քայլեր մեր կողմից, մի քանի քայլ առաջ, բայց կան նաև իրավիճակներ, որոնք թելադրում է պահը, այսինքն եթե հավաքված քաղաքացիները պահանջում են մի բան, դու չես կարող անել այլ բան», - ասում է ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը:

Ակտիվիստները ասում են, որ իրենց մարտավարությունը չեն հրապարակում, քանի որ հանրահավաքին ընդառաջ իրենց նկատմամբ արդեն իսկ հետապնդումներ են սկսվել թե՛ անհայտ անձանց, թե՛ ոստիկանների կողմից։

«Գալիս են մտածված հարևանների տներ են մտնում ու որևէ էական բան չեն հարցնում, այսինքն՝ ով ա, ինչով ա զբաղվում: Իրենք, համոզված եմ, դրանք բոլորից լավ գիտեն: Իրենց խնդիրն այն է, որ հարևանները գան ասեն, որ փողոց էին եկել, քեզնով հետաքրքրվում էին, իրենց պատկերացմամբ դա հոգեբանորեն երևի թե կճնշի մարդկանց», - շարունակում է ակտիվիստը:

Թեև կառավարությունը բնակչության սպառած էլեկտրաէներգիայի թանկացած մասը փոխհատուցելու որոշում է կայացրել, ակտիվիստները վստահեցնում են, որ մարզերից շարունակում են հոսանքի դիմաց բարձրացված սակագնով վճարումներ կատարելու մասին ահազանգեր ստանալ։

«Ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ի սկզբանե օդում ասված խոսքեր էին և իրենցից արժեք չեն ներկայացնում, ամբողջությամբ խաղ էր, և մեր հասարակությունն արդեն սկսել է դա հասկանալ», - ասում է նախաձեռնության անդամներից Ռիմա Սարգսյանը: ՀԷՑ-ից, մինչդեռ, հերքում են այդ տեղեկությունները, նշելով, թե օգոստոս ամսվա ցուցակներն առայժմ պատրաստ չեն։

Սեպտեմբերի 1-ից ակտիվ պայքարի վերադարձած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, թե պատրաստ է նաև քաղաքական ուժերի հետ համագործակցել, բայց պայմանով, որ քաղաքացիական շարժումը քաղաքականի չվերածվի։

Նշենք նաև, որ ուրբաթ օրվա հանրահավաքին ընդառաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նախատեսում է վաղը Երևանում իրազեկման ավտոերթ անցկացնել։

XS
SM
MD
LG