Մատչելիության հղումներ

logo-print

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության պնդմամբ, «հատուկ» հրահանգ է իջեցվել, որ իրենց դահլիճ չտրամադրեն


Հայաստան -- «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյան, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2015թ․

Հայաստան -- «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյան, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2015թ․

Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող ուժերը սեպտեմբերի 12-ին անցկացվելիք համաժողովի համար դահլիճ չեն կարողանում գտնել։

Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող ուժերը պնդում են, որ մայրաքաղաքի հյուրանոցները հրաժարվում են իրենց տարածք տրամադրել սեպտեմբերի 12-ին նախատեսված միասնական համաժողովի համար:

Կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը, որի անդամ Հրայր Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչ այս պահը ավելի քան 10 հյուրանոցների ու բիզնես կենտրոնների են դիմել:

«Զանգում էինք, ճշտում էինք՝ ազա՞տ է, թե՞ ոչ: Նրանք դրական պատասխան էին տալիս: Պայմանավորվում էինք բոլոր պայմանները, վերջում հարցնում էին՝ ի՞նչ միջոցառում ենք անցկացնելու: Նշում էինք, որ «Ոչ»-ի ճակատի միջոցառումն է, հավաքվելու են Սահմանադրության փոփոխություններին դեմ քաղաքական ուժերը, և վերջում նաև հայտարարություն կարող է տարածվել: Որոշ ժամանակ անց նրանք զանգում ասում էին, որ՝ կներեք, սխալվել ենք, տարածքը վերցված է արդեն», - պատմում է նա:

Մանուկյանի խոսքով դեպք է եղել նաև, երբ պարզապես ասել են, որ մերժման պատճառը ծրագրվող քաղաքական միջոցառումն է։

Նախաձեռնության անդամները վստահ են՝ հյուրանոցներին հատուկ է ասվել, որ իրենց դահլիճ չտրամադրեն, և այս ձևով իշխանությունները փորձում են խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ իրենց ծավալած պայքարը:

«Բոլոր նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, հանդես են գալու ելույթներով, իսկ վերջում համատեղ հայտարարություն ենք նախատեսում ստորագրել», - պատմում է Հրայր Մանուկյանը:

Զանգահարեցինք հյուրանոցներ, որոնք, ըստ նախաձեռնության, նախապես համաձայնելուց հետո մերժել են պատվերը՝ պատճառաբանելով, թե դահլիճները զբաղված են։ Ներկայացանք որպես մի ընկերություն, որը ուզում է սեպտեմբերի 12-ին 100 հոգու մասնակցությամբ միջոցառում անցկացնել: Պարզվեց՝ հյուրանոցներում դահլիճները ազատ են, մեկն անգամ վարձակալության համար զեղչ առաջարկեց:

«Ոչ»-ի համաժողովին մասնակցելու են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ։ «Ոչ»-ի ճամբարում արդեն որոշել են՝ միջոցառման օրը չեն փոխելու, կշարունակեն դահլիճ փնտրել։

«Ծայրահեղ դեպքում կարող է լինել նաև բացօթյա», - ասում է Հրայր Մանուկյանը:

XS
SM
MD
LG