Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը Ակսյոնովին Հայաստան այցելելու հրավեր չի հղել


Չճանաչված Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, արխիվ:

Չճանաչված Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, արխիվ:

Սիմֆերոպոլը, մինչդեռ, հայտարարում է՝ այցը նախապատրաստվում է:

Այս արդեն աղմկահարույց դարձած այցի վերաբերյալ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից Նիկոլայ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովին առանձին հրավեր չի հղվել:

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը հայկական կողմից առաջարկվել է անցկացնել սույն տարվա նոյեմբերի սկզբին, սակայն ռուսական կողմից հաստատում դեռևս չկա: Ինչպես նաև չկա տեղեկատվություն համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող պատվիրակությունների մասին», - ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նման այց նախատեսված չէ, նա արձագանքեց․ - «Դեռ ճշտված չէ ովքեր են գալու, դեռ ճշտված չէ դա լինելու է, թե չի լինելու, ո՞նց կարող ենք ասել, որ այդ մարդու այցը կա կամ չկա»:

Միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, ըստ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, անցկացվում են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի աջակցությամբ՝ երկու երկրների ռեգիոնների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով: Կազմակերպչական աշխատանքները համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և ՌԴ տարածքային զարգացման փոխնախարարները: Մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական կառույցների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ:

Առանձին հրավերներ, Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, չեն լինում․ - «Ընդհանուր ցանկ է լինում այս կամ այն կողմից»:

Ըստ Տարածքային կառավարման նախարարության, աշնանը Հայաստանում անցկացվելիք համաժողովին մասնակցելու են ռուսաստանյան այն ռեգիոնների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի մարզերի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր: Ղրիմի հետ համագործակցության նման ձևաչափ չկա:

Մոսկվայում «Ազատության» հայկական ծառայության թղթակցի հետ զրույցում, սակայն, չճանաչված Ղրիմի Հանրապետության ղեկավարի խոսնակ Եկատերինա Պոլոնչուկը պնդել է՝ Ակսյոնովի այցը պատրաստում է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գրասենյակը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հենց Մուրադովն էր հայտնել, որ պաշտոնական այց ծրագրված է: Իսկ Սերգեյ Ակսյոնովը չէր թաքցրել, որ ինքն ու Ղրիմի խորհրդարանի ղեկավարը Արևմուտքի պատժամիջոցներից հետո վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատ տեղաշարժվել միայն Ռուսաստանի տարածքում:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ընդունելով Ռուսաստանի կողմից բռնակցված և Արևմուտքի սև ցուցակում հայտնված Ղրիմի ղեկավարին՝ Հայաստանը շատ վտանգավոր խաղի մեջ կներքաշվի, ցույց կտա, որ ինչ-ինչ շահերով պայմանավորված պատրաստ է դեմ գնալ միջազգային հանրության դիրքորոշմանը․ - «Միջազգային հանրության դիրքորոշումը հայտնի է՝ Ղրիմը անեքսիայի ենթարկված տարածք է, այնպես, ինչպես ֆաշիստական Գերմանիայի կողմից անեքսիայի ենթարկվեցին Ավստրիան և Չեխոսլովակիան: Ես չեմ ուզում հույսս կորցնել, որ դիրքորոշումը կլինի բխող Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից, ընդ որում՝ իրական անվտանգության, այլ ոչ թե մտացածին, որը մինչ այդ մեզ հրամցնում են»:

Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը Ակսյոնովի հնարավոր այցի նպատակները ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է համարում․ - «Այստեղ կա, բնականաբար, այլ քաղաքական ենթատեքստ, որը ո՛չ Ղրիմի հետ է կապված, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, այլ՝ Մոսկվայի ցանկությունների հետ: Որը այստեղ կարող է հետապնդել երկու նպատակ․ առաջինը, հնարավորինս լեգիտիմացնել Ղրիմի անեքսիան, և երկրորդը, հնարավորինս Հայաստանին ներքաշել իր առճակատման մեջ Արևմուտքի և Ուկրաինայի հետ»:

«Ինչո՞ւ մանրադրամի վերածվել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններ պարզելու ճանապարհին», - ասում է Ռուբեն Մեհրաբյանը: - «Հայաստանը անցնում է այն կարմիր գիծը, որտեղից սկսվում է Հայաստանի մեկուսացումը՝ առաջինը: Եվ երկրորդը՝ այն, ինչի համար պատժում են Ռուսաստանին, Հայաստանը փաստորեն իր պարանոցը դնում է այդ նույն կացնի տակ»:

Բորիս Նավասարդյանը, այնուհանդերձ, հույս հայտնեց, որ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավարի այցին պաշտոնական տեսք չի տրվի, հնարավոր կլինի խուսափել Ակսյոնով - Սարգսյան հանդիպումից․ - «Պաշտոնական այցով ընդունել Ղրիմի նախագահին, դա արդեն նշանակում է անեքսիայի ճանաչում, որը, իհարկե, Հայաստանի համար անթույլատրելի է: Դա հասկանում են Հայաստանում՝ և՛ ԱԳՆ-ում, և՛ Նախագահի աշխատակազմում և, կարծում եմ, ամեն ինչ կանեն, որ դա այդպես չընկալվի գոնե աշխարհի մեծ մասում»:

Այս տարվա գարնանը Հայաստանի և չճանաչված Հարավային Օսիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը հայ-վրացական դիվանագիտական սկանդալի էր վերաճում՝ անգամ այն դեպքում, երբ հայկական կողմը պնդեց, թե հանդիպումը պաշտոնական չէր:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության առաջատար լրագրող Ռոստիսլավ Խոտինը կարծում է, որ պաշտոնական Կիևը ևս ցավագին կընդունի նման հանդիպումը․ - «Ղրիմի ղեկավարությունը, պարզ է, այդ այցով ուզում է ապացուցել, թե մեկուսացում չկա, պատժամիջոցները չեն աշխատում»:

Թե ինչ կշահի Հայաստանը, Խոտինը դժվարացավ ասել: Նշեց, որ Ուկրաինան ըմբռնումով է մոտենում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին՝ հասկանալով բոլոր դժվարությունները՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգության հետ կապված:

Նրա փոխանցմամբ՝ չնայած պաշտոնական Կիևը Անդրկովկասում Ադրբեջանին նույնպես համարում է ռազմավարական գործընկեր, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի կարելի ասել, որ հայ-ուկրաինական հարաբերություններում դժվարություններ կան․ - «Դրանք շատ ջերմ են»:

XS
SM
MD
LG