Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանը հիստերիկ արշավ է ծավալել ԼՂ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները շփման գծում իրավիճակի սրման, չդադարող հետախուզական-դիվերսիոն գործողությունների փորձերին և խոշոր տրամաչափի ականանետների և հրետանու կիրառմամբ շարունակական գնդակոծություններին զուգահեռ հիստերիկ արշավ են ծավալել Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացների դեմ: Այսօր այսպիսի հայտարարություն է տարածել Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը:

Նշելով, որ օգոստոսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները դատապարտող հայտարարությամբ, Ղարաբաղի արտգործնախարարությունը շարունակում է․ - «Հայտարարությունը, որը պարունակում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի մերկապարանոց մեղադրանքների ավանդական հավաքածուն, ակտիվորեն տարածվում է միջազգային կազմակերպություններում և կառույցներում: Իրենց հերթին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական ԶԼՄ-ները մրցակցություն են սկսել՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից նմանատիպ դատապարտող մեկնաբանություններ կորզելու նպատակով»։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ՏԻՄ ընտրությունների դատապարտումը վկայում է Ղարաբաղում ընթացող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության խուճապային վախի մասին:

«Դա առանձնապես ակնհայտ է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության աստիճանական վատթարացման ֆոնի վրա, որտեղ ընտրությունները վեր են ածվել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու անվերջանալի գործընթացի, իրավապաշտպանները, լրագրողները հետապնդվում են այլախոհության համար, իսկ բնակչությունը զրկված է իր իրավունքներն ու ազատությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից: Անդառնալիորեն վերջ դնելով իր երկրում ժողովրդավարության ցանկացած պատրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը չի հրաժարվում մարդու իրավունքների իր «չափանիշները» միջազգային հանրությանը, ներառյալ հարևան երկրներին, փաթաթելու փորձերից», - ասված է հայտարարությունում:

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, նախարարությունը շարունակում է․ - «Ղարաբաղում իշխանության մարմինների ձևավորումն իրականացվում է բացառապես ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների միջոցով, որոնք ԼՂՀ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են դարձել։ Առաջիկա ընտրությունները ԼՂՀ ՏԻՄ թվով վեցերորդ ընտրություններն են: Առաջին ՏԻՄ ընտրությունները, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար, կայացել են 1998 թվականի սեպտեմբերի 27-ին: Տեղական ինքնակառավարման իրականացումը, որը հնարավություն է ընձեռում քաղաքացիներին անմիջականորեն մասնակցել պետական գործերի կառավարմանը, ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի չափանիշներին լիովին համապատասխանությամբ»:

«Հատուկ կարևորություն տալով տեղական ինքնակառավարման ինստիտուտին՝ որպես ժողովրդի իշխանության ուղղակի և ներկայացուցչական իրականացման ձևերից մեկը և ցանկացած ժողովրդավարական կարգի հիմք, ԼՂՀ իշխանություններն այսուհետ ևս ջանքեր կգործադրեն դրա հետագա զարգացման և ամրապնդման համար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG