Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալևիչը վերադառնում է Բելառուս


Ալես Միխալևիչը Մինսկի ճանապարհին, 8-ը սեպտեմբերի, 2015թ․

Ալես Միխալևիչը Մինսկի ճանապարհին, 8-ը սեպտեմբերի, 2015թ․

Ընդդիմադիր գործչի վերադարձը մարտահրավեր է Լուկաշենկոյին, ով նորից առաջադրվում է նախագահական ընտրություններում։

Բելառուսցի ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալևիչը «Ազատության»-ը հեռախոսով փոխանցել է, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Լիտվայից գնացքով Մինսկ մեկնելու ճանապարհին Բելառուսի սահմանին իրեն ձերբակալել են։

Նրա կինը՝ Միլենա Միխալևիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարճ ժամանակ անց երկրից չբացակայելու ստորագրությամբ Միխալևիչը ազատ է արձակվել։

Ընդդիմադիր գործիչը 2010 թվականին Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու էր։ Այն ժամանակ իշխանությունները մի շարք ընդդիմադիր գործիչների, այդ թվում նաև 40-ամյա Միխալևիչի դեմ քրեական գործ էին հարուցել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել էր ընտրությունների օրը։

Ազատ արձակվելուց հետո նա հայտարարել էր, որ մեկուսարանում ենթարկվել է խաշտանգումների, ինչպես նաև մերժել էր հատուկ ծառայությունների հետ համագործակցելու առաջարկները։ 2011 թվականին Միխալևիչը գաղտնի հեռացել էր երկրից, քանի որ գործը փակված չէր, և քաղաքական ապաստան էր ստացել Չեխիայի Հանրապետությունում։ Բելառուսի գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։

Հիմա նրա վերադարձը մարտահրավեր է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով նորից առաջադրվում է նախագահական ընտրություններին․ դրանք, հիշեցնենք, նշանակված են հոկտեմբերի 11-ին:

Վերջերս Լուկաշենկոն ազատ է արձակել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ձերբակալված ընդդիմադիրներին, որոնք քաղաքական բանտարկյալ էին համարվում, այդ թվում՝ նախկին թեկնածու Միկոլա Ստատկևիչին ներում է շնորհել։ Նոր ընտրությունների նախաշեմին Լուկաշենկոն այս քայլով փորձում է բարելավել իր վարկանիշը Արևմուտքի առաջ։

Ալես Միխալևիչը «Ազատության»-ը ասել է, որ վերադառնում է Բելառուս ընտանիքի հետ լինելու համար՝ նշելով, թե կարծում էր՝ վերադառնալու ճիշտ ժամանակն է։

Մինչ գնացքը կհատեր սահմանը, Ֆեյսբուքում նա գրել է, որ պլանավորում է վերադառնալ Բելառուս, որտեղ քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։ Սակայն Միխալևիչը կանխատեսել էր, որ ձերբակալվելու է՝ հույս հայտնելով, որ անազատության մեջ իրեն երկար չեն պահի։

«Ես հիմա պատրաստվում եմ կտրել սահմանը։ Ես գիտեմ, որ կձերբակալվեմ, որովհետև մնում եմ 2010 թվականին զանգվածային անկարգությունների քրեական գործի հիմնական կասկածյալը, գործ, որը Քննչական կոմիտեն չի ցանկանում փակել» - գրել էր նա, այնուհետև անգլերենով ավելացրել. - «Հուսով եմ՝ վերջապես կլինեմ ընտանիքիս հետ և ազատ»։

Միխալևիչի կինը և երկու դուստրերը ապրում են Բելառուսում։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր 21 տարվա անընդմեջ իշխանության ընթացքում ճնշում է իր քաղաքական հակառակորդներին և մամուլի ազատությունը։ Ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններում նա հեշտությամբ հաղթանակի կհասնի, բայց Արևմուտքը և իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ նրա իշխանության տակ ընտրությունները ազատ և արդար չեն անցնում։

XS
SM
MD
LG