Մատչելիության հղումներ

Մեհրաբյան. Ղրիմի ղեկավարի այցով՝ Հայաստանը շատ վտանգավոր խաղի մեջ է ներքաշվում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում խորհրդի նիստ է անցկացնում, 17-ը օգոստոսի, 2015թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում խորհրդի նիստ է անցկացնում, 17-ը օգոստոսի, 2015թ․

Քաղաքագետի խոսքով, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ «դառնալու աշխարհի մերժվածների շարքին պատկանող մի երկիր»։

Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի չճանաչված, ամբողջ միջազգային հանրության կողմից չճանաչված ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցով՝ Հայաստանը շատ վտանգավոր խաղի մեջ է ներքաշվում։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծքի հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ծրագրված է Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան և Աբխազիա: Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Ղրիմի կառավարության նիստում ասել է, որ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ: «Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ դիմելով Ակսյոնովին։

Իր հերթին, Ղրիմի ղեկավարն ընդգծել է, որ իր և Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո իրենք վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատորեն ուղևորություններ կատարել միայն Ռուսաստանի տարածքում: «Մենք այսօր սահմանափակված ենք ուղևորություններ կատարելու հարցում, բայց գոնե ինչ-որ տեղ հրավիրում են, ինչն արդեն լավ է», - ասել է Ակսյոնովը:

«Ոչ թե Հայաստանն է տեղեկացնում Ակսյոնովի գալու մասին, այլ դա արվում է Ղրիմից, ընդ որում արվում է Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցչի շուրթերով։ Սա ինչ է նշանակում, որ Հայաստանի ամրության պաշարի ինչ-որ ստուգման պես մի բան։ Հայաստանը, կարծում եմ, այս փորձությանը պետք է դիմանա և պետք է պաշտպանի իր սուվերեն իրավունքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Հարցին, թե Հայաստանի համար Սերգեյ Ակսյոնովի այցը ինչ-որ վտանգներ կարո՞ղ է ունենալ, քաղաքագետը պատասխանեց. - «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալու աշխարհի մերժվածների շարքին պատկանող մի երկիր։ Այդ քայլով Հայաստանը հաստատապես կդառնա, եթե դրան չդիմադրի ու դա չմերժի»։

Մեհրաբյանն ընդգծեց, որ Ռուսաստանը հղում է անում իբրև թե Հայաստանից եկած հրավերը։ Քաղաքագետի խոսքով, պետք է պարզել, թե ինչ հրավերի մասին է խոսքը և ով է ուղարկել։

«Սա շատ վտանգավոր խաղի մեջ է Հայաստանը ներքաշվում, շատ վտանգավոր, որի հետևանքներն ուղղակի կարող են սարսափելի լինել Հայաստանի համար և Հայաստանի միջազգայի վարկի համար, Հայաստանի՝ միջազգային հանրությունում քաղաքական կշռի համար, և դրա հետևանքները պարզապես ներկա դրությամբ կարող են լինել երկար ժամանակ անհաղթահարելի», - ասաց Մեհրաբյանը։

XS
SM
MD
LG