Մատչելիության հղումներ

Ալիև․ Ադրբեջանում չկարողացան «Մայդան» կազմակերպել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանական պետության ղեկավարի հավաստմամբ՝ իր երկիրը «կործանելու» փորձերը ձախողվել են իշխանությունների ջանքերի շնորհիվ:

«Եթե չլինեին իշխանությունների ջանքերը` Ադրբեջանում կարող էր կրկնվել իրադարձությունների զարգացման սիրիական կամ լիբիական սցենարը», - պնդում է Իլհամ Ալիևը: Այս մասին Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց երեկ` կառավարության տնտեսական բլոկի նախարարների հետ Բաքվում անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Նախագահական ընտրություններից առաջ կայունությունը խաթարելու,Ադրբեջանը կործանելու փորձեր էին նկատվում: Միայն ադրբեջանական ժողովրդի, պետության թշնամիները կարող էին մասնակցել այդ ծրագրերի իրագործմանը», - ասաց Ալիևը՝ շարունակելով․ - «Մի՞թե մենք որևէ մեկին խանգարում ենք: Մենք բոլոր պետությունների հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված իրավահավասար հարաբերություններ ենք հաստատել: Մենք կարող ենք խանգարել միայն այն ուժերին, որոնք ցանկանում են ամենուրեք գերիշխանություն հաստատել և ամեն տեղ տեսնել իրենց խամաճիկներին»:

Իլհամ Ալիևը երեկվա ելույթում առանձնապես չէր էլ թաքցնում, որ իր համոզմամբ՝ Ադրբեջանի ապակայունացման փորձերի թիկունքում կանգնած է Արևմուտքը:

«Որոշ արտաքին ուժեր 2011 և 2012 թվականներին խոսում էին Ադրբեջանում [սպասվող] «արաբական գարնան» մասին: Ասում էին, որ դա անխուսափելի է: Կայունությունը խարխլելու անհամար դեպքեր եղան: Տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, որոնք «հինգերորդ շարասյան» միջոցով և ոչ կառավարական կազմակերպությունների հովանու ներքո պետք է մուտք գործեին Ադրբեջան, նպաստեին իրավիճակի ապակայունացմանը: Այստեղ ևս ցանկանում էին «Մայդան» կազմակերպել, սակայն մեր իրավապահները ժամանակին բացահայտեցին այդ բոլոր ծրագրերը», - նշում էր Ալիևը` պնդելով, թե ադրբեջանական իշխանությունների գործադրած ճնշումներն էին միայն, որ թույլ տվեցին իր ղեկավարած երկրին խուսափել Մերձավոր Արևելքի ճակատագիրը կրկնելուց:

«Այսօր Եվրոպան բախվել է խոշորագույն մարդասիրական ճգնաժամին: Արտաքին ուժերի միջամտության պատճառով տեղահանված հազարավոր ներգաղթյալներ այսօր փախչում են Եվրոպա», - հայտարարում էր Ալիևը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով իր ենթականերին, որ նույնը ադրբեջանցիների հետ հաստատ տեղի չի ունենա:

«Մեր ժողովուրդը վստահում է իր իշխանություններին», - նշում էր Ալիևը՝ ընդունելով, սակայն, որ նավթի գնի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել պաշտոնական Բաքվի համար: «Չեմ բացառում, որ նավթի գնի անկումը ևս քաղաքական պատվերի արդյունք է», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը:

XS
SM
MD
LG