Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն զգուշավորությամբ են արձագանքում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ

Քաղաքական ուժերը խիստ զգուշավոր են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին արձագանքելու հարցում: Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընդհանրապես հրաժարվեցին մեկնաբանություններից՝ խոստանալով խոսել մի քանի օրից:

Իշխող Հանրապետականում նույնպես զգուշավորություն են պահպանում՝ չցանկանալով ուղղակիորեն հակադարձել իշխանությունների հասցեին Քոչարյանի քննադատությանը։ Հանրապետական պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, թե մանրամասն չի ուսումնասիրել հարցազրույցը, քանի որ զբաղված են սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Այդուամենայնիվ, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մեծ քաղաքականության վերադառնալու հնարավորությունը կախված է որոշակի հանգամանքներից և երբեք պետք չէ ասել երբեք, հիշեց Քոչարյանի մեկ այլ հարցազրույցում արված հայտարարություն:

«Չգիտեմ ինչ հանգամանքների մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը, բայց ես հիշում եմ նրա այն հարցազրույցը, որ տարիներ առաջ տվել էր և ասել էր. «Երբ որ կվերադառնամ քաղաքականություն, այդ մասին բարձրաձայն կասեմ, թաքուն չեմ վերադառնա»։ Եվ որպես երկրորդ նախագահ՝ իրավունք ունի և վերադառնալու, և չվերադառնալու, դա բացառապես իր որոշելու խնդիրն է»,- ասաց Սահակյանը։

Պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն կողջունի՞ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն, Սահակյանն ասաց՝ այդ հարցը, իր կարծիքով, ակտուալ չէ.- «Նման հարց այս պահին չկա, հետևաբար ողջունել-չողջունելու խնդիր էլ չկա»։

Մեծ քաղաքականություն վերադառնալու հարցից բացի Ռոբերտ Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել էր նաև «Հայկական էլեկտրական ցանցերի» շուրջ ամիսների առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին: Քոչարյանը պնդել էր՝ հարցը սուր հնչեղություն ստացավ Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով, ապա հավելել էր՝ մարդկանց պետք էր բացատրել խնդրի պատճառները և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել:

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահը այսպես արձագանքեց Քոչարյանի այդ հայտարարությանը.- «Ես չեմ պատրաստվում բացատրել կամ ասել՝ մեղքը ում վրա եմ բարդում կամ չեմ բարդում, ես նշում եմ՝ այն բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան այստեղ՝ Բաղրամյան պողոտայում, երիտասարդներ էին, որոնք իրենց ձայնը լսելի դարձրեցին, դա համապատասխանում է մեր օրենսդրությանը, և չեմ կարծում, որ որևէ խնդիր կա»։

Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին երկու անգամ սատարած Դաշնակցության ղեկավար անդամ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Քոչարյանը մեկուսացել էր քաղաքականությունից, քանի որ տարբեր հարցազրույցների միջոցով միշտ էլ արտահայտել է իր դիրքորոշումը: Իսկ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, ըստ Ռուստամյանի, հանգամանքներ պետք չեն, հաշվի առնելով, որ արդեն իսկ երկրում կան այնպիսի լուրջ խնդիրներ, ինչի մասին նաև խոսել է Քոչարյանը:

«Եթե մենք ունենք մտահոգություն մեր երկրի ընթացքի հետ կապված, պասիվ լինելը սխալ է, վաղուց էր ժամանակը [վերադառնալու]։ Ես չեմ ասում՝ հիմա է ճիշտ ժամանակը, միշտ է ժամանակը, և նախագահները չպետք է հեռանան»,- ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը կիսում է գործող իշխանությունների հասցեին Քոչարյանի այն քննադատությունը, թե արտագաղթը կասեցնելու համար պետք է վարել ողջամիտ, ռացիոնալ տնտեսական քաղաքականություն: Իսկ այն, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին իրավիճակը այլ էր, և Հայաստան ավելի շատ մարդ էր ժամանում, քան մեկնում, Ռուստամյանի փոխանցմամբ, փաստ է:

«Տնտեսությունը չի կարող կտրված լինել քաղաքականությունից։ Բնականաբար, եթե դու չունես համապատասխան քաղաքական համակարգ, որը տնտեսության մեջ ապահովում է ազատ մրցակցություն, և սոցիալական արդարություն, մենք ունենալու ենք պրոբլեմներ»,- ասաց Ռուստամյանը.- «Քոչարյանի ժամանակ ունեինք տնտեսական որոշակի աշխուժություն, և դա փաստ է»։

«Ազատության» այն հարցին, թե հաշվի առնելով Քոչարյանի մոտեցումները սահմանադրական բարեփոխումների շուրջ, հնարավոր համարո՞ւմ են, որ նա միանա նոր ձևավորվող «ոչ»-ի ճամբարին, Ռուստամյանը պատասխանեց Քոչարյանի խոսքերով՝ երբեք մի ասա երբեք.- «Ես հուսով եմ, որ ոչ»։

Քաղաքական ուժերից ամենակտրուկ արձագանքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էր: Վերջինս մերժում է Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը ակտիվ քաղաքականություն:

«Նրա տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը։ Այստեղ իր ոչ մի նպատակ, չեմ կարծում, որ արդար է և անկեղծ։ Նա ունի իր անձնական շահը և անձնական նպատակը, հետևաբար տեղ չունի քաղաքականության մեջ»,- ասաց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG