Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են ծնողներին. փոխնախարար


Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյան, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյան, արխիվ

Մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե՛ ծնողներին և թե՛ հանրությանը, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։

Պատասխանելով «Հայ զինվոր» թերթի հարցին, թե օրերս հրապարակումներ եղան, որ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են, արդյո՞ք զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, փոխնախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին»:

«Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների և մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաև դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղակատվության տրամադրումը: Հետևաբար, այն դիրքորոշումը, որ հրամանով արգելվում է զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և հրամանի տրամաբանությանը»,- ասել է Նազարյանը։

Նա հստակեցրել է, որ գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:

«Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաև դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում»,- ասել է փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG