Մատչելիության հղումներ

logo-print

Շահեն Հարությունյանը պնդում է՝ ոստիկանները իրեն «ներքև են շպրտել»


Շահեն Հարությունյանին հիվանդանոց են տեղափոխում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Շահեն Հարությունյանին հիվանդանոց են տեղափոխում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Շանթ Հարությունյանի որդին՝ 16-ամյա Շահեն Հարությունյանը պնդում է, որ ինքը ոտքի երկրորդ աստիճանի սալջարդ է ստացել, երբ երեկ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսի ժամանակ ոստիկանները բռնի ուժով հեռացրել են իրեն երկրպագուների տրիբունայից։

«Մտան թևս ու շատ զարմանալիորեն մի քանի տասնյակ մարդիկ՝ մի 5-6 ոստիկան համազգեստով, մի 6-7 կարգադրիչ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնց մենք գիտենք, բա «իջեք»... ու էն պահից, որ 2-3 հոգով մտան թևերս ու մի քսան աստիճան օդով շպրտեցին ներքև»,- պատմեց պատանին։

Շահենը երեկ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ է գնացել հոր՝ Շանթ Հարությունյանի նկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրառմամբ շապիկով, սակայն վստահեցնում է՝ ի տարբերություն Հայաստան-Պորտուգալիա խաղին, այս անգամ մարզադաշտ մտնելու ցանկություն չի ունեցել։ Խաղասկզբից մոտ կես ժամ առաջ դրա մասին հայտնել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անձամբ է Շահենին հրավիրել իր մոտ և նախազգուշացրել՝ խաղադաշտ չմտնել։

«Մոտեցավ, ասաց՝ իջի, ես թռա, ներքև իջա, զգուշացրեց սև ցուցակների մասին, զգուշացրեց պատժամիջոցների մասին, և ես իրեն ասացի, որ չեմ մտնելու մարզադաշտ»։

Շահենը վստահեցնում է՝ Հայրապետյանի հետ զրույցից հետո իր շուրջը հավաքվել են տասնյակից ավելի թե՛ քաղաքացիական հագուստով և թե՛ ծառայողական համազգեստով ոստիկաններ՝ փակելով իր տեսադաշտը.- «Անդադար ոնց անում էինք, ուր գնում էինք, իրենք գալիս էին մեր ետևից։ Ու երբ փորձում էինք տրիբունայի տարբեր հատվածներից նայել ֆուտբոլը, մեզ խոչընդոտում էին, անընդհատ նույն իրավիճակն էր կրկնվում։ Իրենք էնպիսի վիճակ սարքեցին, որ լինի էս բախումը»։

Ի վերջո, ըստ Շահենի, ոստիկանները նրան և ընկերներին բռնի ուժով հեռացրել են մարզադաշտից՝ առանց հիմնավորման։ Շահենի ընկերները վստահեցնում են՝ արտառոց որևէ գործողություն իրենց կողմից չի եղել, բոլորի նման իրենք էլ ընդամենը երկրպագել են ազգային հավաքականին.- «Իրենք անգամ չէին էլ հերքում, որ ոստիկան են»։

Ոստիկանների կողմից մարզադաշտից հեռացված Շահեն Հարությունյանը ընկերների հետ միասին «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն արձանագրել են երկրորդ աստիճանի ոտքի սալջարդ ու առաջարկել պառկել 3-4 շաբաթ։ Մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, որդուն բերել է տուն։ Շահենն այսօր երկու ձեռնափայտերի օգնությամբ էր տեղաշարժվում։

«Փաստորեն ինքը էդքան ժամանակ չի հաճախելու դպրոց, չի հաճախելու պարապմունքների, վերջին դասարանում է և արդեն կրկնուսույցների մոտ պարապմունքների է գնում, մտադրություն ունի համալսարան ընդունվելու։ Փաստորեն ոստիկանների այս արարքի արդյունքում տուժում է, գրեթե մեկ ամիսը շատ մեծ բացթողում է նրա համար»,- ասաց մայրը։

Ոստիկանները ոչ հիվանդանոցում, ոչ էլ տանը Շահենին չեն այցելել. պատանին հեռախոսով է զրուցել քննիչի հետ։ «Նոյեմբերի 5»-ի գործով 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը հայտնել է, որ կատարվածի առնչությամբ չի ցանկանում բողոք ներկայացնել, քանի որ վստահություն չունի արդարադատության նկատմամբ։

Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Շահեն Հարությունյանին մարզադաշտից հեռացրել են ոչ թե ոստիկանները, այլ անվտանգության աշխատակիցները, միջադեպի առթիվ կատարվում է հետաքննություն։

XS
SM
MD
LG