Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 10 օրվա ընթացքում պետք է հստակ պատասխան հնչեցնի` արդյոք պատրաստվում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել վարչապետի պաշտոնում:

Նման պաշտոնական արձագանքի անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 25 հազար ուկրաինացիներ մեկ շաբաթվա ընթացքում ստորագրեցին նախագահ Պորոշենկոյի կայքում զետեղված էլեկտրոնային խնդրագիրը, որում ընդամենը երեք նախադասություն կար․ - «Պահանջում ենք Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել երկրի վարչապետ: Թույլ տվեք՝ մարդը երկրում բարեփոխումներ իրականացնի: Հերիք է դիմանալ կոռուպցիային և բարեփոխումների ձգձգմանը»:

Ուկրաինական օրենսդրության համաձայն առնվազն 25 հազար ստորագրություն հավաքած էլեկտրոնային որևէ խնդրագիր երկրի նախագահը անտեսել չի կարող և պետք է գոնե պաշտոնական պատասխան հրապարակի:

Ինքը՝ Միխեիլ Սաակաշվիլին դեռ անցած շաբաթ Պորոշենկոյին պատկանող «Հինգերորդ ալիքի» եթերում կտրականապես հերքում էր իր վարչապետական հավակնությունների մասին Կիևում շրջանառվող լուրերը:

Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին շարունակում է քննադատել Արսենի Յացենյուկի կառավարությանը` գործադիր իշխանությանը մեղադրելով ուկրաինացի օլիգարխների շահերը սպասարկելու մեջ: Սաակաշվիլիի պնդմամբ՝ իր պաշտոնավարման առաջին 100 օրերին Օդեսայում բարեփոխումներ սկսելու բոլոր փորձերը բախվել են կենտրոնական կառավարության կոշտ հակազդեցությանը:

«Այս կառավարության և վարչապետի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում պետական ձեռնարկությունները Ուկրաինայի պետական բյուջեին շուրջ 100 միլիարդ գրիվնայի վնաս են պատճառել: Այդ ձեռնարկությունները իրականում շահույթով են աշխատում, սակայն ողջ շահույթը գրպանում են օլիգարխները: Իսկ շարքային ուկրաինացիները ստիպված են իրենց գրպանից սուբսիդավորել այդ ձեռնարկությունների գործունեությունը: Սա օլիգարխների` կառավարության վրա ունեցած ազդեցության կոնկրետ օրինակ է», - պնդում էր Սաակաշվիլին:

Օդեսայի նահանգապետի քննադատության գլխավոր թիրախը Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկն է` «Պրիվատ Գրուպի», ուկրաինական 1+1 հեռուստալիքի և Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իգոր Կոլոմոյսկին: Որոշ հրապարակումների համաձայն, նա նաև լուրջ տնտեսական շահեր ունի Օդեսայում, որոնց կյանքի կոչմանը Միխեիլ Սաակաշվիլին ակտիվորեն հակազդում է: Այս ֆոնին Կոլոմոյսկու արձագանքը բավական սպասելի էր:

«Երբ առանց դնչկալի շունը որևէ մեկին վնաս է պատճառում, պատժում են թե՛ շանը, թե՛ տիրոջը: Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե տերն ով է», - բառացիորեն հայտարարեց Կոլոմոյսկին` խոստանալով դատի տալ Սաակաշվիլիին զրպարտանքի համար․ - «Նա ասում է, որ 200 հազար դոլար աշխատավարձ է ստանում: Թող հենց այդ գումարից էլ փոխհատուցի ինձ հասցված բարոյական վնասը»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի արձագանքը, իհարկե, ավելի զուսպ էր, բայցևայնպես ակնհայտ էր, որ կառավարության ղեկավարը ևս խիստ դժգոհ է Սաակաշվիլիի պահվածքից:

«Հույզերը, անհիմն հայտարարությունները ձեռնտու են միայն այն մարդկանց, ովքեր դեմ են բարեփոխումների իրագործմանը: Եվ սխալ է, երբ ասվում է, թե ինձ թույլ չտվեցին այս կամ այն քայլը իրագործել, ինձ խանգարեցին: Դա թուլության նշան է: Ուժեղ մարդիկ պարզապես աշխատում են», - հայտարարել է Յացենյուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG