Մատչելիության հղումներ

Լրագրողներին այսօր ասուլիսի էր հրավիրել Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ ներկայացնելու նոր ու հետաքրքիր բեմադրություններով ու նախագծերով հագեցած նոր թատերաշրջանը:

Նրա փոխանցմամբ՝ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը Ռեյ Կունիի ստեղծագործությունների հիման վրա կատակերգություն է բեմադրելու, իսկ Դավիթ Հակոբյանն այս թատերաշրջանում կներկայացնի «Երկիր Նաիրի» բեմադրությունը, Անի Աբրահամյանի բեմականացմամբ հանդիսատեսին կհրամցվի պարային ներկայացում:

«Այս թատերաշրջանի ընթացքում կդիտեք մի բան, որը երևի թե մեր իրականության մեջ չի եղել․ Համազգայինի դերասանները «Մենք» ընկերության հետ ներկայացնելու են մի նոր կատակերգություն, որը մենք նկարահանել ենք Գյումրիում», - հավելեց Վարդան Մկրտչյանը:

Թատրոնի տնօրենը, նշելով, որ իրենք մշտապես թարմացնում են դերասանական կազմը, հայտարարեց․ - «Մենք այս տարի հոկտեմբերից բացում ենք Սոս Սարգսյանի անվան դերասանական ստուդիա, որտեղ տալու ենք նեղ մասնագիտական կրթություն և, ինչու չէ, պատրաստելու ենք կադրեր ապագայում Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը համալրելու համար»:

Պարզաբանելով, թե ինչու են որոշել դերասանական ստուդիա բացել՝ Մկրտչյանն ասաց․ - «Մեր դերասանները մեծի մասամբ դասավանդում են տարբեր տեղերում, նաև խնդիր կար դերասանական կազմի մեջ մրցակցայնությունը ակտիվացնելու: Եվ օգտվելով նրանց այդ հնարավորությունից և մյուսների չհնարավորությունից՝ ես ուզում եմ մի փոքր ավելի ակտիվություն մտցնել այս ֆրոնտում․․․ Երկու տարիքային խումբ ենք նախատեսել՝ 12-16 տարեկան և 17-ից բարձր»:

Համազգային թատրոնը սեփական տանիք չունի և գործում է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում: Շենք ունենալը դեռ թատրոնի հիմնադրի՝ Սոս Սարգսյանի երազանքն էր, որն իր կենդանության օրոք չիրականացավ:

Թատրոնի շենքի նախագիծը տարիներ ի վեր պատրաստ է: Շինարարական աշխատանքներ սկսելու, շենքը կառուցելու համար, սակայն, գումարներ են անհրաժեշտ: Թե երբ միջոցներ կհատկացվեն պետության կամ հովանավորների կողմից, թատրոնի տնօրենը չգիտի, բայց համոզված է, որ «նորանկախ Հայաստանի առաջին մշակութային օջախը պիտի գտնի իր տանիքը, ունենա իր տունը»:

Հիմնադրումից ի վեր թատրոնը երկար ճանապարհ է անցել Սոս Սարգսյանի գլխավորությամբ, բայց ինքը Սոս Սարգսյանը դեմ էր թատրոնը միայն իր անվանը կապելու մտայնությանը, հիշեցնում է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը․ - «Պետք է վերջ տալ այն մտայնությանը, որ Համազգային թատրոնը միայն Սոս Սարգսյանն էր, կամ միայն Սոս Սարգսյանի շենքն է: Ես դա ասել եմ նաև իր ներկայությամբ, և նա ողջունել է այդ: Համազգային թատրոնը մի մեծ կոլեկտիվ է, բավական մեծ թվով մարդկանց խումբ է, ովքեր կարողանում են իրար հետ ստեղծագործել, իրար հետ աշխատել: Հետևաբար թատրոնի շենքի խնդիրը պետք չէ կապել մեկ անձի հետ: Դա մեր բոլորի երազանքն է և մեր բոլորի խնդիրն է, որը մենք վաղ թե ուշ իրականացնելու ենք»:

XS
SM
MD
LG