Մատչելիության հղումներ

Քրգործ՝ կառավարության անվտանգության աշխատակցի ինքնասպանության փորձի փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա Լ. Հովհաննիսյանի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թվականին ծնված Լ. Հովհաննիսյանը: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)»:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը կառավարության անվտանգության աշխատակիցներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG