Մատչելիության հղումներ

Պուտին-Սարգսյան հանդիպման մեծ և կարևոր մասը անցավ փակ դռների հետևում


Սարգսյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Սարգսյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանի նախագահի Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում ստորագրվել են գազի գնի նվազեցման և 200 միլիոն դոլար արտոնյալ վարկի համաձայնագրերը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպման մեծ և կարևոր մասն անցավ փակ դռների հետևում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ռուսական կողմը արտոնյալ վարկ է տրամադրել Հայաստանին և նվազեցրել է գազի գինը։

«Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 դոլարով նվազեցնել՝ հասցնելով 165 դոլարի։ Ստորագրվել է նաև Հայաստանին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական Զինված ուժերի զինանոցը», - երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին գյումրեցի ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ու անձամբ Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Հայաստանի նախագահը նաև իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության կապակցությամբ։

«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է. ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի զինատեսակներից կիրառում է նաև հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ», - ասել է Սարգսյանը։

Դուշանբեում սեպտեմբերի 15-ին նախագահությունը ՀԱՊԿ-ում Տաջիկստանից անցնելու է Հայաստանին։

Պուտինը նախ ողջունել է իր հայաստանցի գործընկերոջը, շեշտել է, որ նրա հետ հաճախակի է հանդիպում։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը, սակայն դրա հետ մեկտեղ արձանագրել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է։

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան։

XS
SM
MD
LG