Մատչելիության հղումներ

Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` եկեղեցու մոտակայքում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների տեղադրած ինքնաշեն ռումբի պայթյունից կոտրվել են եկեղեցու ապակիները: Հրազենային կրակոցից վնասվել է նաև եկեղեցու մուտքի մոտ գտնվող ցուցանակը:

Սուրբ Կիրակոսի սպասավորներից Արմեն Դեմիրջյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ երեկ տեղի ունեցած պայթյունից եկեղեցին բավական վնասվել է և հիմա ժամանակավորապես փակ է: Դեմիրջյանը նշեց, որ պայթյունի թիրախում հայկական եկեղեցին չի եղել, նաև չհաստատեց տեղեկությունները, թե պայթյունն իրականացվել է քուրդ զինյալների կողմից․ - «Այսօր գնացել էինք եկեղեցի: Մաքրեցինք ապակիները, հավաքեցինք գրքերը: Այս պահին բախումները նորից են սկսվել, մենք էլ փակեցինք եկեղեցին և դուրս եկանք: Այժմ այն դատարկ է»:

Դիարբեքիրում տեղի քուրդ երիտասարդների և թուրքական իրավապահ մարմինների միջև բախումների հետևանքով զոհվել է 2 ոստիկան: 11 վիրավորներից 8-ը ոստիկաններ են: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Երեկ առավոտից քաղաքում հայտարարված պարետային ժամը այսօր է հանվել: Ամենուրեք կարելի է տեսնել բախումների և փոխհրաձգության հետքերը:

Կենտրոնական Սուր վարչական շրջանում այսօր առավոտից փորձում են կարգի բերել և մաքրել փողոցները: Դրությունը լարված է հատկապես քաղաքի Հասըրլի կոչվող թաղամասում, որտեղ էլ գտնվում է Սուրբ Կիրակոսը․ - «Ընդհանուր առմամբ Դիարբեքիրում այժմ խաղաղ է, սակայն երեկոյան Սուրի շրջանում, եկեղեցու մոտակայքում կարող են կրկին բախումներ սկսվել»:

Դիարբեքիրում լարվածություն սկսվեց, երբ օրերս քուրդ զինյալները Սուրի վարչական շրջանում սկսել էին խրամատներ փորել և փակել ճանապարհները, իսկ թուրքական ոստիկանությունը ջրաշիթերով ցրել էր նրանց: Սկսված բախումներից քաղաքացիներին պաշտպանելու համար թաղապետարանը պարետային ժամ էր հայտարարել:

XS
SM
MD
LG