Մատչելիության հղումներ

Մոլդովացիները ղեկավարության հրաժարականն են պահանջում


Մոլդովացի ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ, Քիշնև, 7-ը սեպտեմբերի, 2015թ.
Մոլդովացի ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ, Քիշնև, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Ի՞նչ են պահանջում։ Demnitate si adevar` արժանապատվություն և արդարություն։

Անցած գիշեր Քիշնևի հրապարակում` խորհրդարանի շենքի մոտ տեղադրած վրաններում մնացել է մի քանի հարյուր մարդ, երեկ օրվա ընթացքում ցուցարարների թիվը միայն ոստիկանների տվյալներով հասել է 65 հազարի, իսկ ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների, ինչպես նաև տեղում աշխատող հարյուրավոր լրագրողների, հրապարակում ավելի քան 100 հազար մարդ է եղել։

Հիմա այս ժամերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ նորից հավաքվում են Ազգային մեծ ժողովի շենքի մոտ։

Ի՞նչ են պահանջում։ Demnitate si adevar` արժանապատվություն և արդարություն։ Այդ անվամբ քաղաքացիական շարժումն է հրապարակ կանչել երկրի բոլոր շրջաններից ժամանած մարդկանց։ Սա 90-ական թվականներից ի վեր Մոլդովայում բողոքի ամենախոշոր ալիքն է։

Մարդիկ պահանջում են նախագահի հրաժարական և ամենաուշը մինչև 2016 թվականի մարտ խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ինչպես Կիևում էր և Երևանում, ցուցարարների թվում շատ են երիտասարդները։ Նրանք պարեկություն են սահմանել, մաքրում են հրապարակը, կարգուկանոնն են պահպանում, փող են հավաքում` մարդկանց ջրով, պարենով, տաք հագուստով և անհրաժեշտ այլ իրերով վրանաշեն ավանն ապահովելու համար։

«Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմի լիդերներից Վալենտին Դոլգանյուկը հաղորդել է «Ինտերֆաքս»-ին, որ ակտիվիստներն այդ նպատակով մեկ օրում հավաքել են 80 հազար լեյ, ինչը հավասար է մոտ 4 հազար դոլարի։

«Մենք ստեղծել ենք մեր Ազգային մեծ ժողովը, այդ գումարը դրա խորհրդի խիստ հսկողության տակ է ծախսվելու»,- ասել է Դոլգանյուկը։

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության թղթակիցները հայտնում են, որ Քիշնևի կենտրոնական հրապարակում հավաքված զանգվածը բնավ միատարր չէ, խայտաբղետ պատկեր է, «Արժանապատվություն և արդարություն» շարժման մասնակիցներից բացի կան տարատեսակ խմբավորումների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում են ամենատարբեր պահանջները` քաղաքական և սոցիալական։

Կոնկրետ «Արժանապատվություն և արդարություն» շարժումն իր պայքարը սկսել է այս տարվա գարնանը, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ երկրի երեք բանկերից իշխանության լռելյայն համաձայնությամբ «անհետացել» է մեկ միլիարդ եվրո։

Շարժումը պահանջել է Կենտրոնական բանկի, գլխավոր դատախազության, հակակոռուպցիոն հանձնաժողովի, դատական բարձրագույն պալատի, բողոքարկման պալատի, մաքսային ծառայության, ինչպես նաև մրցակցության պաշտպանության խորհրդի ղեկավարների հրաժարականը և այդ կառույցների անհապաղ բարեփոխումը։

Շարժման ղեկավարներն ասում են, որ բողոքի այս ակցիաները կարող են անժամկետ լինել, այլևս հնարավոր չէ հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում երկրում։

«Մենք բոլորս միասին պայքարելու ենք մինչև վերջ»,- հայտարարել են լիդերները։

Բողոքի ակցիաները շարունակվում են, իշխանությունը դեռ չի արձագանքել շարժման պահանջներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG