Մատչելիության հղումներ

Ամերիկացի ռոք երաժիշտը հայ հոգևոր երաժշտության ալբոմ է թողարկել


Սիրիա - Ավերված Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին Հալեպում, մայիս, 2015թ.
Սիրիա - Ավերված Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին Հալեպում, մայիս, 2015թ.

Վաշինգտոնից ռոք թմբկահար Ջեյսոն Համաքերը անսպասելիորեն դարձել է Հալեպի հայկական եկեղեցու հոգևոր երաժշտության ուսումնասիրողը, հավաքագրողն ու տարածողը: Վերջին շրջանում, երբ քաղաքացիական պատերազմի մեջ ընկղմված Սիրիայում ռմբահարվում է Հալեպը, վնասվում, քանդվում են նաև հայկական եկեղեցիները, նա հայ հոգևոր երաժշտության ալբոմ է թողարկել:

Ջեյսոն Համաքերի և նրա անսպասելի հետաքրքրությունների մասին հաղորդում է հեռարձակել ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոն (NPR), նշելով, որ նա բոլորովին նման չէր մի անձնավորության, ով կարող էր Սիրիայի նման երկրում ճանապարհորդել:

«Ես բապտիստ հոգևորականի որդի եմ՝ հարավից: Ծնվել եմ Տեքսասում: Ո՛չ մշակութային, ո՛չ արյունակցական կապեր չունեմ Մերձավոր Արևելքի, կամ այնտեղ ապրող ժողովուրդների հետ», - պատմել է նա NPR-ի հետ զրույցում:

2000 թվականին սկզբներին նա Վաշինգտոնում հարվածային գործիքներ է նվագել մի քանի հարդ ռոք խմբերում: Ընկերներով նրանք որոշել են ինտերնետում նյութեր որոնել, որոնց վրա կարող են երաժշտություն գրել: Մի օր ընկերներից մեկը նրան զանգահարել ու ասել է, թե Սիրիայից զարմանալի նյութեր է գտել: Կապը վատ է եղել, վատ է լսվել, ու սկզբում նրան նույնիսկ թվացել է թե խոսքը Սերբիայի մասին է:

Համաքերը երբեք երաժշտագիտությամբ կամ լուսանկարչությամբ չի զբաղվել, բայց 2006 թվականից սկսած մի քանի ճամփորդություններ է կատարել Սիրիա, լուսանկարներ ու ձայնագրություններ է արել՝ վավերագրելով Սիրիայի ազգային ու կրոնական տարբեր համայնքների մշակութային ժառանգությունը:

Այս հաղորդմամբ ամերիկյան ռադիոն ներկայացնում է նաև բազմամշակութային Հալեպի հայ համայնքի պատմությունը: Ուիթմըն քոլեջից սիրիացի պատմաբան Էլիզ Սեմիրջյանն ասել է, որ Հալեպը միշտ եղել է այն զարմանահրաշ վայրերից մեկը, ուր կողք-կողքի ապրել են տարբեր համայնքներ: Նա ասել է, որ Հալեպը դարեր շարունակ հայերի համար շատ կարևոր քաղաք է, քանի որ 301 թվականին քրիստոնեությունը ընդունած հայերը ավելի քան 1700 տարի Երուսաղեմ ուխտագնացության մեկնելու ճանապարհին որոշ ժամանակ մնում էին Հալեպում, իսկ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, Թուրքիայի հայ փախստականներից շատերը ապաստան գտան Հալեպում:

Հալեպի 15-րդ դարի հայկական եկեղեցում Համաքերը ձայնագրել է հոգևորական Եզնիկ Զեգչանյանին:

«Սա Քառասուն Մանկանց հայտնի եկեղեցին է, և սա եկեղեցու ներսում կատարվող կենդանի երգեցողության ձայնագրությունն է, որն ալբոմը յուրահատուկ է դարձնում», - NPR-ի հետ զրույցում պարզաբանել է Ջեյսոն Համաքերը:

Հայր Զեգչանյանին նա ձայնագրել է 2006 և 2010 թվականներին: Վավերագրած նյութերը կարելի է պատմական համարել, քանի որ հետագայում եկեղեցին տուժել է ռմբահարումներից:

«Հալեպը խորհրդանշող մշակութային հիմնական դիմագծերը ավերվում են, ոչնչացվում»,- պատմել է ռոք երաժիշտը՝ նշելով, որ դրանց գոնե հիշողությունը պետք է պահպանել, որը ինքը փորձում է անել:

Ջեյսոն Համաքերը հիմա աշխատում է Հալեպի տեսարանների ֆոտոալբոմ տպագրելու և Սիրիայի երաժշտական սկավառակներ թողարկելու վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG