Մատչելիության հղումներ

Կոթիի բնակիչները վերադարձել են իրենց առօրյա հոգսերին


Կոթիի բնակիչները քննարկում են վերջին օրերի հրադադարի խախտումները, 7-ը սեպտեմբերի, 2015թ․
Կոթիի բնակիչները քննարկում են վերջին օրերի հրադադարի խախտումները, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Օրեր շարունակ ադրբեջանական կողմի կրակահերթերի սպառնալիքի տակ ապրած Կոթիի բնակիչներ այսօր արդեն վերադարձել են իրենց առօրյա հոգսերին:

Կրակոցների տակ ապրող գյուղացիները սահմանամերձ Կոթի այցելած վարչապետից ու պաշտպանության նախարարից հստակ երաշխիքներ չեն ստացել, թե սահմանային լարվածությունը կմարի։ Ասում են՝ բարձրացրել են իրենց հուզող հարցերը, բայց կառավարության անդամների պատասխանները չեն գոհացրել պատերազմի սարսափի մեջ ապրողներին։

«Իհարկե, այդ խնդրի պատասխանը այս պահին ոչ ոք չուներ, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել հակառակորդի գործողությունները, չի կարող կանխատեսել, թե այս մեկ-երկու օրվա դադարից հետո հակառակորդը արդյոք նման մարտավարությունը կշարունակի, թե օրեր հետո կփորձի իր գործողություններով լարվածությունը ավելի սրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Կոթիի բնակիչներն ասում են, սակայն, որ վերջին երկու գիշերներին արդեն նկուղներ չեն իջել։ Կրակոցներ եղել են, բայց սեպտեմբերի առաջին օրերի սարսափն արդեն չկա։

Սեպտեմբերի 2-ի երեկոյան գյուղում վիրավորված երկու բնակիչներից մեկն արդեն ապաքինվել և այսօր առավոտյան հիվանդանոցից դուրս է գրվել։ Գյուղացիներն իրենց առօրյա գործերին են անցել։ Սակայն, գյուղի դպրոցն ու մանկապարտեզը դեռ փակ են։ Այսօր ուսուցիչներն աշխատանքի են գնացել, բայց ընդամենը երեք աշակերտ են ունեցել։ Նորից փակել են դպրոցի դռներն ու տուն գնացել։

Անահիտ Խաչատրյանը 45 տարվա մանկավարժ է։ Գյուղի դպրոցի դասվարն է: Ասում է՝ զանգահարել է երեխաների ծնողներին ու պարզել՝ աշակերտների կեսը գյուղում չեն․ - «Ապակին ծակված ա՝ ափիս լայնությամբ: Դպրոցի ապաստան գնացող ճանապարհը ռմբակոծված ա: Ո՞ւմ երեխին ասենք՝ բեր, ո՞ւմ պատասխան տանք: Նշանառության տակ ա դպրոցը անմիջապես»:

Բազմաթիվ հոգսերի մեջ ապրող գյուղացիները, օգտվելով բարձրաստիճան պաշտոնյաների առջև խնդիրներ բարձրացնելու իրենց բացառիկ հնարավորությունից, ասել են․ գյուղը գազաֆիկացված է, սակայն տներում գազ չկա։ Վարչապետը խոստացել է վառելափայտով ապահովել գյուղացիներին։ Չնայած վերջիններս մտահոգված էին. գյուղում ջահելները քիչ են, իսկ մեծահասակների համար դժվար է փայտանյութն անտառից տուն հասցնելը։ Խոստացել են նաև, թե 27 հա չհնձված խոտհարքների ու վնասված տների համար փոխհատուցում կտան։

Գյուղապետարանում հաշվարկում են, վնասի չափը դեռ չեն պարզել։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյան
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյան

«Հիմնականում բոլոր բարձրացված խնդիրներին մեր ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրական լուծումների խոստումներ տրվեցին», - ասում է գյուղապետը:

Մի խոստում էլ տվել են դպրոցական ունեցող ընտանիքներին, թե որպես սահմանամերձ գյուղի բնակիչներ դասագրքերն անվճար կդարձնեն ոչ միայն տարրական դասարանների, այլև բոլոր դպրոցականների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG