Մատչելիության հղումներ

Զոլաքարում պնդում են, որ իրենց հարկադրել են հոսանքի համար վճարել բարձր գնով


Փաստելով, որ իրենց տարածքում անտեսում են սուբսիդավորման մասին նախագահի խոստումը, զոլաքարցի թոշակառուն բողոքում է, որ դրա դեմ ոչինչ չեն կարող անել:

Մարզերից ահազանգում են, որ որոշ համայնքներում ՀԷՑ-ի աշխատակիցները էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ ժամը 49 դրամի հաշվարկով են գանձում՝ անտեսելով բնակչության համար էներգիայի թանկացած մասը փոխհատուցելու վերաբերյալ կառավարության որոշումն ու նախագահի խոստումը։

Մարտունու Զոլաքար գյուղի բնակիչներն այսօր «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ երբ գնացել են թոշակ ստանալու, իրենց ստիպել են տեղում բարձր գնով վճարում կատարել: Վիճաբանություն է եղել, սակայն, ի վերջո, բոլորն էլ ստիպված համաձայնել են ու վճարել։

«Իրար հետ խոսացել ենք, որ վարչապետն ինքն ասեց, որ էդ անտեր գումարը մենք սուբսիդավորենք, էդի մենք մեզի-մեզի վերլուծել ենք, բայց փոշտի մեջ ի՞նչ վերլուծես, ասում ա՝ ախպեր ցուցակ ա եկել, էս ձևով ա, էս ձևով էլ պիտի գանձենք։ Ահագին էլ վիճաբանություն ա տեղի ունեցել, և՛ փոշտի մեջն, և՛ փոշտից դուրս մեր շրջապատի մեջն։ Որ էդ ամբողջ երիտասարդություն Երևան էդքան ցույց արեց՝ չկարացավ դրա վրեն, էս մի քանի ծերեր ի՞նչ կարան անեն»,-«Ազատությանը»-պատմեց Զոլաքարցի Բորիս Դարբինյանը:

Նրա խոսքով, իրենց գյուղում տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել, ծերերն էլ իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել։ «Դժվարությամբ աշխատած գումարը թալանում են»,-բողոքում էր Դարբինյանը՝ շարունակելով։

«2000 երիտասարդ գնացել ա, գյուղի մեջ մարդ չի մնացել, փողն ուղարկում են երեխեքի համար շոր առնեն, կոշիկ առնեն, գրենական պիտույք առնեն, երեխեքի մոտից փողը գողանում են, էդի եղավ ի՞նչ, էսի բա պետություն եղա՞վ։ Լցրել են շշի մեջ, պրոպկեն զարկել են մեր բերան, խեղդում են, մենք ի՞նչ կարանք էնենք»։

«Ազատության» հետ զրույցում գյուղի «ոչ լեգալ էլեկտրիկ» ներկայացած անձը ևս հաստատեց տեղեկությունը։ «Մենք գյուղացիներին ոչինչ չենք ստիպել, ուղղակի զգուշացրել ենք, որ հոսանքի գինն արդեն բարձրացել է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ վճարումը ոչ մի տեղ չի կորի, մի օր կվերադարձնեն։ «Եթե կառավարությունը փոխանցեց, էդ գումարը կլինի կանխավճար, ոչինչ չի փոխվի»։

«Այսինքն երբ կառավարությունը փոխանցի, հե՞տ եք տալու գումարը»,-այս հարցին, «էլեկտրիկը» պատասխանեց․ «հա, էկող ամիս լույսի տեսքով հետ կտանք, բա ինչ կենենք»:

Զոլաքարի գյուղապետ Արմեն Ղազարյանը «Ազատությանը» փոխանցեց, թե ինքը խնդրին տեղյակ չէ, բայց վստահեցրեց՝ եթե նման բան եղել է, ուրեմն ՀԷՑ-ի կողմից համապատասխան որոշում կամ ցուցում կա։

«Էլեկտրիկների ձեռքին հրաման ա եղել, հեն ա՝ ասում են, որ ինքնագլխի չեն արել գանձողները և բնականաբար գանձման դիմաց կտրոններ են տվել, էդ յուրացում չի, ուրեմն ցուցում ա եղել գրավոր»-ենթադրեց գյուղապետը։

ՀԷՑ-ի հետ այսօր կապվել չհաջողվեց:

XS
SM
MD
LG