Մատչելիության հղումներ

Նավալնի. Սեպտեմբերի 20-ին Մոսկվայում կկայանա ընդդիմության մեծ հանրահավաք-երթը


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ամենահայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին Մոսկվայում կկայանա ընդդիմության մեծ հանրահավաքն ու երթը։ Նավալնին ասել է, որ հանրահավաքը հայտարարում է այն օրը, երբ տեղի ունեցավ Մեդվեդև-Պուտին «ռակիրովկա»-ն։

Հիշեցնենք, 2011 թվականի սեպտեմբերի 20-ին այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինոյա Ռոսիա» կուսակցության համագումարին հայտարարեց, որ 2012 թվականի ընտրություններին առաջարկում է վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Նույն համագումարին Պուտինն իր հերթին ասաց, որ եթե հաղթի ընտրություններում վարչապետի պաշտոնում կառաջարկի Դմիտրի Մեդվեդևին։

Նավալնին հայտարարել է, որ հանրահավաքն ու երթն ամբողջովին օրինական և թույլատրված են լինելու։ Նրա խոսքով, Մոսկվայում վաղուց չեն եղել ընդդիմության բազմամարդ հանրահավաքներ, վերջին անգամ մոսկվացի լիբերալները դուրս էին եկել երթի մարտին՝ կես տարի առաջ, Բորիս Նեմցովի սպանությունից հետո։

Ընդդիմադիր գործչին, հիշեցնենք, սպանել էին Կրեմլի պարսպին հարող կամրջի վրա։

«Մենք պետք է հավաքվենք, լուրջ հարցեր քննարկենք, և այս հսկա երկիրն իրենց մասնավոր սեփականությունը համարող այս տարօրինակ մարդկանց ցույց տանք, որ մենք էլ ենք այստեղ ապրում և չենք պլանավորել ապրել միապետությունում», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, առաջին անգամ հակապուտինյան բազմամարդ բողքի ակցիա Մոսկվայում տեղի էր ունեցել 2011 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև նման ակցիաներ ընդդիմությունը պարբերաբար կազմակերպում էր թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում։ Սակայն 2012 թվականից հետո դրանք այնքան էլ մարդաշատ չէին, ինչպես ընդդիմադիր շարժման սկզբին։

XS
SM
MD
LG