Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ իշխող կուսակցության` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակ եկավ նաև հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ Վերջինս Գործադիր մարմնի անդամ չէ։

Արդեն մեկուկես ամիս է թափուր է արդարադատության նախարարի պաշտոնը, հանրապետականի գործադիրի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաստատեց` Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնումկ տեսնում են.- «Մեր հարգարժան գործընկերը այստեղ է եղել, դուք ճիշտ եք նկատել: Գործադիր մարմնի նիստի ընթացքում մենք քննարկել ենք արդարադատության նախարարի նշանակման հարցը: Պարոն նախագահը խորհրդակցել է Գործադիր մարմնի անդամների հետ և պարոն նախագահը իր որոշումը կկայացնի: Ընդամենը կարող եմ ասել, որ Գործադիր մարմնում հիմնականում դրական են տրամադրված և դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի թե՛ պրոֆեսիոնալ որակները, թե՛ նրա փորձը: Պարոն նախագահը իր որոշումը կկայացնի շուտով»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով Արդարադատության նախարարի պաշտոնի համար Արփինե Հովհաննիսյանը միակ թեկնածուն է։

Հանրապետականները նիստի ընթացքում քննարկել են նաև սահմանադրական բարեփոխումների հարցը, Շարմազանովը հայտարարեց, որ այս պահին իրենց կարծիքով կարելի է արձանագրել՝ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթը դրական է գնահատում։ Հանրապետականները սպասում են վաղը ԱԺ-ում այս հարցով տեղի ունենալիք լսումներին. - «Կլինեն վաղը լսումներ, լսումների ընթացքում առաջարկություններ կլինեն: Մենք բազմաթիվ` շուրջ 300 առաջարկություն արդեն արել ենք, ընդդիմադիր մեր գործընկերներն էլ են արել: Դուք ինքներդ յուրաքանչյուր հանդիպումից հետո հնարավորություն ունեցել եք ընդդիմադիր մեր գործընկերներից հարցազրույց վերցնել, և ես պարզապես որպես ունկնդիր ինքս նաև տեսել եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերների ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր հանդիպել են Հանրապետության նախագահի հետ, դրականորեն են տրամադրված սահմանադրական բարեփոխումների այս փաթեթի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG