Մատչելիության հղումներ

Համերգի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած կնոջը չի հաջողվում փոխհատուցում ստանալ


Հասմիկ Մելիքյան

Հասմիկ Մելիքյան

Երկու տարի առաջ Ազատության հրապարակում «ԲԲ մեդիա» ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ բարձրացած ուժեղ քամուց պոկված հսկա հովանոցը ընկել է 44-ամյա անցորդ Հասմիկ Մելիքյանի վրա և նրան հաշմանդամ դարձրել:

Քայլակներով տեղաշարժվող Հասմիկը տևական ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում, բայց ընկերությունը մերժում է՝ պնդելով, որ հոգացել են բժշկական ծախսերը:

«Երբ «ԲԲ մեդիա»-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը եկավ հիվանդանոց, ասաց՝ դուք ինչ եք պահանջում, ես ասացի՝ մենք հաշվարկել ենք, որ 12 հազար դոլար է պետք, 5000-ը առօրյա ծախսերին, ու շատ լուրջ ծախսեր են, և 7000-ը հետագա պրոթեզավորման համար։ Ինքը առաջին օրը համաձայնեց, երկրորդ օրը ասաց՝ դուք մեր հաշվին ուզում եք հարստանալ, ասաց՝ գնացեք քամուն դատի տվեք, քամին է մեղավոր»,- պատմում է Մելիքյանը։

Դժբախտ այս պատահարից ամիսներ առաջ տանը բռնկված հրդեհից մահացել է հայրը: Հասմիկը, ով Միացյալ Նահանգներում երկրորդ կրթությունը ստանալուց հետո Կալիֆորնիայի Սանտա Կռուզի քաղաքի ղեկավարի օգնականն է եղել, վերադարձել է Հայաստան՝ հոր մահից հետո միայնակ մնացած ծեր մորը խնամելու համար, բայց կարճ ժամանակ անց հաշմանդամ դարձել: Երեք բարձրագույն կրթություն ստացած Հասմիկն ասում է՝ իր հետ պատահածի պատճառով կիսատ է թողել ասպիրանտուրան, Հայաստանում կորցրել է աշխատանքը և այժմ հաշմանդամության 27 հազար դրամով չի կարողանում հոգալ իր ու ծեր մոր ծախսերը:

Նա պնդում է, որ «ԲԲ մեդիա» ընկերությունից 500 հազար դրամ է ստացել որպեսզ բժշկական ծախսերի փոխհատուցում, ընկերությունից նաև խոստացել են ֆինանսական փոխհատուցում տրամադրել, սակայն հետո հրաժարվել են: Ասում է՝ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ընկերության աշխատակիցների հետ, բայց պատասխանել են, որ ընկերությունը վերակազմավորվել է ու իր խնդրի հետ նոր ներկայացուցիչները կապ չունեն: Մամուլից է տեղեկացել, որ սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են:

«Երբ ես կարդացի էդ հոդվածում՝ ովքեր են տերերը, հասկացա, որ բավականին լուրջ է վիճակը, և չեմ կարող իրենցից ինչ-որ օգնություն ակնկալել, չնայած որ իրենք տվել են 500 հազար։ Այս ընկերության 50-ական տոկոսների բաժնետերերն են Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունի որդին՝ Հայկ Հարությունյանը»։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել նշված պաշտոնյաների որդիների հետ: Իսկ վերակազմավորված «ԲԲ մեդիա» ընկերությունից, որն այժմ կոչվում է «Բագ ընդ Բադ» ՍՊԸ, փոխանցեցին, որ ըստ դատատեխնիկական փորձաքննության եզրակացության՝ տեղի ունեցածում ընկերության մեղքը չկա, հովանոցը տեղից պոկվել է չկանխատեսված ուժեղ քամու հետևանքով: Սակայն ընկերությունը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, հոգացել է Հասմիկի բուժման ծախսերն ու նյութական աջակցություն տրամադրել: Ընկերությունն այսօր էլ պատրաստ է որոշակի օգնություն տրամադրել, բայց ընդունելի չի համարում ֆինանսական փոխհատուցման պահանջը:

Հասմիկ Մելիքյանն էլ սրտնեղում է՝ փոխհատուցումն անհրաժեշտ է ապրելու համար՝ մինչև կազդուրվի և աշխատանք գտնի:

«Ասում են՝ ի՞նչ ես շուխուռ բարձրացնում, եղել է, պրծել է, ստացե՞լ ես քո բուժումը, վե՛րջ, նստի հանգիստ տեղդ։ Ո՞նց... բացատրեք, ո՞նց կարող է մարդը առողջ լինի ու հետո իրեն ասեն՝ էս է կյանքը, գնա քո գործով զբաղվի։ Ո՞նց ապրեմ, ինչո՞վ, երբ ես անշարժ պառկած էի, քննիչը եկավ, թուղթ դեմ տվեց, ասաց՝ ստորագրեք, ես ասում եմ՝ ես համաձայն չեմ որոշման հետ, ասում է՝ մի գրեք «առարկում եմ», ուղղակի ստորագրեք։ Ստորագրեցի, նշանակեց, որ գործը փակվեց։ Մարդ ենք չէ վերջապես։ Ես հասկանում եմ, որ իրենք դիտավորյալ չեն արել»,- արտասվելով ասում է նա։

Նա հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցման մերժումը համարում է ապօրինի, բողոքարկելու համար փաստաբանների աջակցությունն է խնդրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG