Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեռևս չի պարզաբանել հայկական արտադրության ձկնամթերքն այրելու պատճառները


Թեև գրեթե երկու շաբաթ է անցել, սակայն ռուսաստանյան պատկան մարմինները դեռ չեն պարզաբանել իրավիճակը: «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում թառափն այրելու պատճառների մասին նշում են միայն, թե «Արարատ Ֆորել»-ը հիշատակված չէ ներմուծման թույլտվություն ունեցող ընկերությունների ռեեստրում:

«Ազատության» հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնեցին, սակայն, որ «Արարատ Ֆորել» ընկերությունը գրանցված է Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման իրավունք ունեցող ընկերությունների ցուցակում:

Նույնն է պնդում նաև ընկերության տնօրեն Արամ Մանուկյանը․ - «Մեծ ուրախությամբ ուղարկեցինք, հասավ տեղ, այնտեղից զանգեցին՝ մեր պարտնյորը և ասաց՝ ձեր ապրանքը չեն թողնում, որ մտնի Ռուսաստանի Դաշնոթյուն՝ պատճառաբանելով, որ դուք չկաք ռեեստրի մեջ: Ես հեռախոսով բացատրեցի, որ, խնդրեմ, այսինչ տեղը բացեք, տեսեք, որ կանք։ Նրանք բացեցին և պատասխանեցին, որ խոսքը այս ռեեստրի մասին չէ, այլ այն ռեեստրի մասին, որը տասը տարի առաջ է գործել»:

Մանուկյանը պարզաբանում է՝ եթե նախկինում Ռուսաստանն էր որոշում, թե որ ընկերություններն իրավունք ունեն մթերք ներմուծել իր տարածք, ապա այժմ ԵՏՄ ստեղծումից հետո՝ անդամ երկրները իրենք են կազմում այդ ձեռնարկությունների ցուցակը: Սոչիում թերևս այդ մասին տեղյակ չեն :

Մանուկյանը պատմեց, որ իրենք դիմել էին արտահանման թույլտվություն ստանալու համար, մայիսին գրանցվել էին, փաստաթղթերը կարգավորել, ծախսեր արել, Սոչիի գործընկերների հետ պայմանագիր կնքել 20 տոննա ձուկ արտահանելու համար: Առաջին անգամ որոշել են փորձնական 200 կիլոգրամ արտահանել՝ ճանապարհը ստուգելու համար, սակայն ռուսական շուկա այդպես էլ չեն հասել:

Հայկական կողմում, ըստ Մանուկյանի, զգալիորեն հեշտացել է գրանցման, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու գործընթացը, սակայն սահմանի մյուս՝ ռուսական կողմից ակնկալված փոփոխությունները չկան:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ խնդիրների արդյունք է: Նախ, Հայաստանում շատ արտադրողներ դեռ ծանոթ չեն ԵՏՄ-ի բոլոր պահանջներին, իսկ ռուսական կողմը հաճախ գրագետ մոտեցում չի ցուցաբերում․ օրենքները փոխվում են, սակայն կատարողները տեղյակ չեն։

Մակարյանը չի բացառում նաև կոռուպցիոն և քաղաքական պատճառները:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այս իրադարձությունների սեփական մեկնաբանությունն ունի․ Ռուսաստանն այս կերպ զգուշացնում է ԵՏՄ անդամ երկրներին ու, մասնավորապես, Հայաստանին՝ չվերածվել իր սահմանած պատժամիջոցները շրջանցելու ուղու:

Խաչատրյանը պատահական չի համարում, որ հայկական թառափն այրելու գործընթացի հետ մեկտեղ ռուսական կողմը պահանջեց ԵՏՄ գործընկերներից, այդ թվում և Հայաստանից՝ հարգել իր սահմանած պատժամիջոցները նորվեգական ձկնամթերքի նկատմամբ և արգելված ապրանքի համար տարանցիկ երկիր չդառնալ․ - «Ես հստակ տեղեկություն ունեմ մրգի հետ կապված: Ձկան հետ կապված՝ առիթ չի եղել դրանով հետաքրքրվեմ: Բայց երեկվա մամուլի հրապարակումը ինձ թույլ է տալիս ասել, որ մենք որոշել ենք ազնիվ չլինել մեր գործընկերոջ հետ, կոնկրետ՝ Ռուսաստանի հետ»:

XS
SM
MD
LG